Կոռուպցիան ոչ միայն հանցագործություն է, այլև՝ բարոյական սխալ. Գևորգ Կոստանյան


18:18 , 11 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կոռուպցիան չարիք է՝ հավաստիացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես գտնվում է իրենց օրակարգում:
 
Գլխավոր դատախազը նշեց, որ կոռուպցիան Հայաստանում ոչ միայն հանցագործություն է, այլև՝ բարոյական սխալ: Դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ կոռուպցիան Հայաստանում սպառնում է ազգային անվտանգությանը, Գևորգ Կոստանյանը հավաստիացրեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, կարծում եմ, որ դա կլինի ազգային անվտանգությանը սպառնացող, չի լինի սպառնացող, դրանից մեր վերաբերմունքի բովանդակությունը չի փոխվում»:
 
Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ, գլխավոր դատախազի խոսքով, դիմումներ շատ չեն.«Այս պահին վիճակագրություն տրամադրել չեմ կարող, բայց դիմումներ՝ կաշառքի, կոռուպցիոն այլ դրևսրումների մասին զարմանալիորեն չկան, շատ քիչ են»:
 
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն հնչեցնում, Գևորգ Կոստանյանն ասաց, թե բոլորը խոսում են այդ մասին, բայց փաստեր չունեն:
 
«Բոլորը խոսում են, այդ թվում՝ լրատվամիջոցները, որ գիտեք կաշառակերություն կա և այլն, բայց կոնկրետ փաստեր չկան, սա է զարմանալին: Բոլորն այդ մասին խոսում են, բայց երբ խնդիրը գալիս է, որ ժողովո՛ւրդ, փաստ ներկայացրեք, փաստեր չկան: Չեմ կարող դեսպանի հայտարարության համար հիմք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ ենթադրություն անել»,- շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը: