14:58 , 11 դեկտեմբեր, 2015
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան հանգստության կոչ է անում Ռուսաստանին, գրում է gazeta.ru-ն:
Նա նշել է, որ թուրքական կողմի համբերությունն անսահման չէ. «Ռուսաստանը ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է օգտագործել ցանկացած հնարավորություն: Բայց մեր համբերությունն անսահման չէ»:
Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրք զինվորականները հայտնվել են Իրաքի տարածքում այն պատճառով, որ մեծացել է երկրի համար անվտանգության վտանգը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դուրս չի բերի իր զորքերը Իրաքից, որտեղ նրանք գտնվում են Բաղդադում կառավարության հետ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպից հետո Կրեմլը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ, ինչպես նաև մեղադրել է Էրդողանին և նրա շրջապատին Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ նավթային գործարքներից անձնական եկամուտ ստանալու մեջ: Ի պատասխան՝ Էրդողանը մեղադրել է Մոսկվային ԻՊ-ից նավթ գնելու մեջ: