13:44 , 11 դեկտեմբեր, 2015
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ: Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ:
ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում:
Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։