Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում. ԶԼՄ-ներ


10:48 , 11 դեկտեմբեր, 2015
3888814923_285fac0d5cԻրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ ի նշան բողոքի Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում Թուրքիայի զինված ուժերի խմբի ներկայության դեմ: Այս մասին հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը:
«Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում: Դրա բոլոր աշխատակիցները լքել են Թուրքիան և վերադարձել են Բաղդադ»,- ասվում է ալիքի հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 4-ին Թուրքիան իր զինված ուժերի խումբը՝ ներառյալ մոտ 130 զինծառայող, տանկեր և հրետանի, տեղակայել է Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում՝ քուրդ աշխարհազորայինների ճամբարում, որտեղ Անկարան մարզում է քուրդ մարտիկներին ԴԱԻՇ-ի գրաված Մոսուլի վրա հարձակման համար:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի ԱԳՆ-ն Բաղդադում թուրք դեսպանին կանչել է և պահանջել, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը Իրաքի տարածքից: Իրաքի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Անկարան զորքերը մտցրել է առանց Բաղդադի համաձայնության, որն այդ քայլը որակում է «թշնամական ակտ»: Նույն օրը Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է թուրքական ստորաբաժանումների ահապաղ դուրսբերում Իրաքի տարածքից՝ նրանց մուտքն անվանելով «միջազգային նորմերի և իրավունքի խախտում»: Նա 48 ժամ է տվել ստորաբաժանումների դուրսբերման համար, հակառակ դեպքում չի բացառել ՄԱԿ-ի ԱԽ դիմելը:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել և պնդում է, որ զինծառայողներն այնտեղ են ահաբեկչական խմբավորումների դեմ կռվող «տեղի ոստիկանության համար ուսումնական ծրագրի շրջանակներում»: