2015-ի ամենահաջողակ միլիարդատերը Amazon-ի գլխավոր տնօրենն է. Forbes


09:20 , 11 դեկտեմբեր, 2015
960x0Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը դարձել է ամենահաջողակ միլիարդատերը, ով կարողացել է 2015 թվականին ամենից շատ աշխատել՝ 29.5 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Forbes-ը։ Այդպիսով՝ ձեռնարկատերը աշխարհի ամենահարուստների ցուցակում 4-րդն է՝ 58.4 մլրդ դոլար կարողությամբ։
Համեմատության համար նշենք, որ այս տարվա մարտին Բեզոսը մոլորակի ամենահարուստների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
2015-ի ամենահաջողակ գործարարների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը մեծացել է 11 մլրդ դոլարով։ Երրորդ հորիզոնականում Լարի Փեյջն է՝ Alphabet-ի գլխավոր տնօրենը։ Նա անցնող տարում աշխատել է 9.2 մլրդ դոլար։ Նրա կարողությունը գնահատվում է 45.6 մլրդ դոլար։
Հնգյակում են նաև Alphabet-ի նախագահ Սերգեյ Բրինը, ով 2015-ին աշխատել է 8.9 մլրդ դոլար՝ կարողությունը հասցնելով 37.6 մլրդ դոլարի։ Հնգյակը եզրափակում է Bloomberg LP-ի հիմնադիր Մայքլ Բլումբերգը, ով աշխատել է 5.5 մլրդ դոլար՝ կարողությունը հասցնելով 40.5 մլրդ դոլարի։
Պարբերականն անվանել է նաև անցնող տարվա ամենաանհաջողակ միլիարդատիրոջը։ Մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ով մոլորակի ամենահարուստների ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, կորցրել է 15.9 մլրդ դոլար կամ կարողության 22 տոկոսը։ Դեկտեմբերի 9-ի դրությամբ Սլիմի կարողությունը գնահատվել է 55.2 մլրդ դոլար, մինչդեռ մարտին՝ 77.1 մլրդ դոլար։