22:12 , 10 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12-ին, ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասում տեղի կունենա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործով առաջին դատական նիստը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, գործը հանձնվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։