20:50 , 10 դեկտեմբեր, 2015
Այսօրվանից Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց Գործադիր կոմիտեի անդամների հարցերին:Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Եվ քանի որ այս նշանակումը երկար սպասված էր, դրան անմիջապես հաջորդեցին տարատեսակ քնննարկումներն ու մեկնաբանությունները թե՛ մասնագետների, թե՛ ֆեյսբուքի ֆուտբոլասեր օգտատերերի կողմից:
BlogNews-ը որոշեց զրուցել սպորտային մեկնաբանների, ՖԱՖ-ի անդամների և պարզապես հավաքականի երկրպագուների հետ և Ձեզ ներկայացնել, թե ինչ սպասելիքներ ունեն նրանք նոր մարզչից:
Մենուա Մեհրաբյան
Կարծում եմ` կրկին բացթողում թույլ տրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Իհարկե, հարգում եմ Վարուժան Սուքիասյանին, թե՛ որպես անձի, թե՛ որպես մասնագետի, բայց թույլ տվեք կրկնել ( քանի որ բազմիցս եմ խոսել այս մասին), որ մեր հավաքականին անհրաժեշտ է եվրոպական մակարդակի բարձրակարգ մարզիչ: Հաջողության հասնելու համար միջոցներ պետք է ներդրվեն, այլ ոչ թե խուսափել եւ փորձել իրավիճակից որոշակի դուրս գալու փորձեր կատարել: Դժվարանում եմ ասել, թե ինչ կտա Սուքիասյանի նշանակումը, բայց միաժամանակ կարծում եմ, որ զգալի առաջընթաց չի ունենա հավաքականը: Ի վերջո, ազգային ընտրանու գլխավոր մարզչի ղեկը չափազանց պատասխանատու պաշտոն է, այլ ոչ թե փորձարկումների ասպարեզ: Պետք էր գտնել ամենաօպտիմալ տարբերակը եւ վերջ: Ինչեւէ, հաջողության եմ մաղթում Վարուժան Սուքիասյանին եւ ցանկանում, որպեսզի մեզ` հայ ֆուտբոլասերներիս, վերադարձնի մեր ընտրանու երբեմնի փայլն ու հաղթանակները:
Գրիգոր Ավետիսյան
Որոշումը ճիշտ է, թե սխալ՝ ցույց կտա Մունդիալ 2018-ի որակավորման փուլը։ Բայց այն, որ Վարուժան Սուքիասյանը փորձառու մարզիչ է՝ կհամաձայնվեն շատերը։ Հայկական ֆուտբոլում երկար տարիներ աշխատող մարզիչ է, տեսել է շատ սերունդներ. պետք է որ ստացվի նրա աշխատանքը։ Ունի մարզչական անկոտրում սկզբունքներ, սպորտային լավ բնավորություն։ Մնում է` ճիշտ աշխատանք տանել ու ֆուտբոլիստներին մոտիվացնել հաղթանակի համար։
Էդգար Խաչատրյան
Վարուժան Սուքիասյանի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց որպես մարզիչ իմ կարծիքով նա չի կարողանա հավաքականը դուրս բերել այս ծանր վիճակից: Վարուժան Սուքիասյանը աշխատել է Հայաստանի հավաքականի հետ, հավաքականից հեացել է սկանդալով և, եթե չեմ սխալվուն նրա գլխավորությամբ 2000-ից 2001 թվականներին հավաքականը որևէ հաղթանակ չի տարել: Նրան մարզիչ նշանակելու նպատակը ո՞րն է, եթե նա մեկ անգամ արդեն ձախողվել է: ՀՖՖ-ի այս քայլն հերթական անգամ հարցականներ է թողնում...
Արսեն Հայրապետյան
Կասեմ մի բան, եթե Վարուժան Սուքիասյանը անի հավաքականի հետ այն, ինչ արեց Վարդան Մինասյանը, ապա ես որպես մեր ազգային հավաքականի հավատարիմ երկրպագու միայն ուրախ կլինեմ: Բայց, եթե հանկարծ լինի հակառակը... հիմա չեմ ասի թե ինչ վիճակի կհասնենք մենք` երկրպագուներս:
Բնականաբար, ահավոր ուրախ կլինեմ, որ պարոն Սուքիասյանը մեր հավաքականին դուրս բերի խմբային փուլից, առավել ևս ուրախ կլինեմ, քանի որ դա անում է մեր հայազգի մասնագետը: Այսքանը:
Գևորգ Ղազարյան
Ավելի լավ թեկնածու էր ըստ իս Աբրահամ Խաշմանյանը, սակայն վերջինս կրքոտ մարդ է իր բնույթով ու հնարավոր է դա է հիմնական այն պատճառը, որ չնշանակվեց: Սուքիասյանն արդեն այս տարի Արարատը գլխավորելով ապացուցեց, որ կարող է ծանր դրությունից պատվով դուրս գալ, հիշեցման կարգով Արարատն այժմ երրորդն է, ըստ այդմ ազգային թիմի ղեկն էլ կարող է ստանձնել: Միանշանակ ավելի գիտակ է քան Հովսեփյանն ու փորձ ունի ազգային հավաքականը գլխավորելու, որի ընթացքում կարող ենք ասել, որ «խայտառակ» արդյունք հաստատ չ գրանցել ազգային ընտրանին: Հուսանք, որ Ռուսաստանի ընտրանու պես, ովքեր չէին սպասում, որ ԲԿՄԱ-ի մարզիչը կգա ու մրցաշրջանի կեսից հավաքականը ուշքի կբերի, մենք նույնպես կերպարանափոխված կտեսնենք տղաներին:
Վահրամ Բարբարյան
Ինքը, մեղմ ասած, չի լուծի մեր խնդիրները , բայց շատ փոքրիկ դրական տեղաշարժ կարող է լինել, հույս փայփայել իրա հետ գնալ Ռուսաստանի մունդիալին մի քիչ մանկական կարող է թվալ, դս ավելի շուտ կախված կլինի խաղացողների մարզավիճակից, քան իր ազդեցությունից:
Արման Թաթոսյան
Առանձնապես հույսեր չի ներշնչում, որովհետև եթե հաշվենք, որ նրա ղեկավարած թիմը Հայաստանի շատ թույլ առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը, ապա միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ չարժե սպասել, մանավանդ որ մի անգամ նա արդեն եղել է այդ պաշտոնում ու էլի արդյունքները չեն գոհացրել: Ի վերջո եթե մինչ այս Ռուբեն Հայրապետյանի պաշտոնում մնալը հիմնավորվում էր նրա ֆինանսական ներդրումներով, արտասահմանից մարզիչներ հրավիրելու ծախսերը իր վրա վերցնելով, հիմա էս նշանակումը ոչ մի հիմք չունի: Իսկ եթե խնդիր էր դրված տեղացի մարզիչ նշանակել ու գումար խնայել, ապա օրինակ Աբրահամ Խաշմանյանը շատ ավելի լավ արդյունքներ էր գրանցում, էլ չեմ խոսում Խորեն Հովհաննիսյանի կամ թեկուզ Վարդան Մինասյանի մասին: Կարծում եմ ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջը դեռ ակտուալ կլինի:
Զոհրապ Եգանյան
Վարուժան Սուքիասյանին մաղթենք, որ կարողանա մեր թիմին խելքի բերել ու նրա օրոք մենք սկսենք հաղթանակներ տանել: Որպես ֆուտբոլ շատ սիրող ու հավաքականի ՄՈԼԻ երկրպագու ես իհարկե մտավախություն ունեմ, քանի որ կարծում էի, մենք կունենանք բարձր վարձատրվող արտասահմանցի հայտնի մարզիչ, բայց քանի որ մասնագետները որոշել են, ուրեմն մի բան գիտեն: Պարոն Սուքիասյան ջան, հիշեք, որ մեր հավաքականի գլխավոր մազիչ լինելը միայն սպորտային պաշտոն չէ, այն Հայաստանի կարևոր տնտեսական-քաղաքական ու հասարակական պաշտոններից մեկն է: Դուք բացառիկ շանս ունեք, դառնալու հայ ժողովրդի սիրելին: Առաջ Աստված ու հաղթանակներ մեզ
Պատրաստեց` Անի Հակոբյանը