Իրանն ու Չինաստանը քննարկել են Արակի հետազոտական ռեակտորի ապագան


14:50 , 10 դեկտեմբեր, 2015
arak-nuclear-siteԻրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Չինաստանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Վան Ին քննարկել են Արակի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացման հարցը։
Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն անցկացվել է Իսլամաբադում Ասիայի խնդիրների վերաբերյալ կոնֆերանսի շրջանակներում։ Հանդիպման ժամանակ Իրանի ու Չինաստանի արտգործնախարարները քննարկել են նաև փոխադարձ կապերը, երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ապագան և տարածաշրջանային հարցեր։
Հուլիսին Վիեննայում «վեցյակի» հետ ձեռք բերած միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանը պարտավորվել է արդիակացնել Արակի հետազոտական ռեակտորը՝ բացառելու համար ռազմական պլուտոնիում արտադրելու հնարավորությունը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ռեակտորը կվերափոխվի հինգ տարվա ընթացքում։