12:50 , 10 դեկտեմբեր, 2015
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական փաթեթ, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շեշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթի նախագիծը հաշվի է առել բոլոր հանձնարարականները: Այն ներառում է ինչպես խստացումներ, այնպես էլ խրախուսական նորմեր:
Հովհաննիսյանը նշեց, որ պատասխանատվություն է նախատեսվել առջևի հողմապակին թաղանթապատելու համար, նվազեցվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը:
«Ավելացվել է խրախուսական նորմ, ըստ որի՝ վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչև լիազորված մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև նախատեսվել է պատասխանատվություն նույն արարքը մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու և մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելու համար»,- ասաց նախարարը:
Փաթեթով ուժը կորցված է ճանաչվել տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվության դրույթը: Խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
Նախատեսվել է խրախուսական նորմ՝ իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքերի համար: Ավելացվել է դրույթ, որով առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու, տրանսպորտային միջոցը վարելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը: Օրենքների փաթեթի նախագիծը համարվել է հրատապ ու առաջարկվում է այն ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: