10:40 , 10 դեկտեմբեր, 2015
Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան՝ ահաբեկչություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում այսպիսի որակում տվեց հակառակորդի՝ տանկից կրակելու գործողությանը:
«Թշնամին ուղղակի անցել է դասական ահաբեկչության: Սա, իհարկե, որևէ ձևով չի վախեցնում ո՛չ մեր բանակին, ո՛չ մեր զինված ուժերին, որևէ ազդեցություն չի գործում իրավիճակը սահմաններում կտրուկ փոխելու: Մենք դրանից չվախեցանք, ամեն կերպ կարող ենք դիմակայել, խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ահաբեկիչ պետության հետ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, թե Ադրբեջանի պահվածքն ընդհանրապես որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում. «Մենք գործ ունենք մոլագար, ֆաշիստական, ահաբեկչական պետության հետ: Իսկ այդպիսի պետությունները վարում են հենց այսպիսի քաղաքականություն: Իսկ այս դեպքն, ըստ երևույթին, ունի նաև անմիջական կապ Թուրքիայի կողմից նույնպիսի ահաբեկչական քայլերի հետ, քանի որ մինչ այս իրավիճակի սրումը Ադրբեջանում էին Թուրքիայի արտգործնախարարն ու վարչապետը, ովքեր պանթյուրքիզմի կարկառուն ներկայացուչներից են»:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը չբացառեց, որ Ադրբեջանի գործողությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ: Ըստ նրա՝ որևէ առողջ տրամաբանության մեջ չի մտնում իրենց քայլերը. ռուսական ինքնաթիռի խոցումը, երբ Ռուսաստանն ու Թուրքիան խորացրել էին իրենց տնտեսական կապերը:
«Մեզ համար սա կանխատեսելի էր, քանի որ մենք շատ լավ ենք ճանաչում Թուրքիային, իսկ Ռուսաստանի վերնախավի և վերլուծաբանների համար սա սառը ցնցուղ էր, և այդպես էլ պետք է լիներ, քանի որ գործ ունեին ահաբեկչական պետության հետ: Նույնը նաև Ադրբեջանն է: Ադրբեջանում սրվել է ներքին իրավիճակը, ապստամբություններ են, այդ պետության մեջ կամաց-կամաց քաղաքական գանգրենա է սկսել: Դրա համար ձերբակալում են մարդկանց, կարծես 1937 թվականի զտումներն են իրականցնում ազգային անվտանգության կառույցներում, արտգործնախարարությունում, բանակում, ոստիկանություններում, մարդու իրավունքների պաշտպաններին, փոքրամասնություններին: Այդ պատճառով էլ սրում են իրավիճակը, որպեսզի ինչ-որ ձևով առաջին հերթին շեղեն իրավիճակը ներքին խնդիրներից:
Դավիթ Բաբայանի խոսքերով՝ տանկից կրակելը նախևառաջ «մեսիջ» էր միջազգային հանրությանը: Նա նշեց, թե միջազգային հանրությունն էլ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, ոչ թե հույսը դնի Հայաստանի ու Արցախի վրա, որ «մենք պետք է տեղում զսպենք ահաբեկիչներին»:
Անդրադառնալով այս օրերին տարածված տեսանյութին, որտեղ երևումէ, թե ինչպես են ադրբեջանցի հրամանատարները խոսում իրենց զինվորների մասին, Դավիթ Բաբայանն ասաց, թե իրենց համար զինվորն արժեք չունի. «Տեսնում եք, թե ինչպես է հրամանատարը փախչում մարտի դաշտից, թողնելով իր զինվորին՝ իր կաշին փրկելով: Այդպես եղել է, այդպես լինելու է»: