11:19 , 10 դեկտեմբեր, 2015

Ծնողներն իրենք թույլ չպետք է տան, որ իրենց զինվորի մոտ բջջային հեռախոս լինի, առավել ևս, եթե զինվորն առաջին գծում մարտական հերթապահություն է իրականացնում։ Էս զուտ կանոնադրությունից ելնելով չեմ ասում, էս օրվա հրամայական ա, ու պետք ա օր առաջ ձերբազատվենք բջջայինների դե ֆակտո ազատ շրջանառությունից զինված ուժերում։ Դրա համար կա երկու հիմնական պատճառ.
1․ Էն որ նայում ու հիանում ենք, թե ինչ հավես են ռուսներն Իսլամական պետության թաքստոցներն ու օբյեկտները հավեսով ոչնչացնում, ասեմ՝ իմանաք, որ դրանց տեղորոշման ու հարված հասցնելու մասին որոշման կայացման մեջ էական դերակատարություն են ունենում իսլամիստների բջջային ու կապի այլ միջոցների պիլինգն ու գաղտնալսումը։ Ու եթե ձեզ թվում է, որ դա մի այնպիսի բարդ տեխնոլոգիա է, որը հասու է միայն գերտերություններին, ապա չարաչար սխալվում եք։
Ասեմ ավելին, առանց ծավալվելու ու դետալներ նշելու կարող եմ ասել, որ հենց մեր շփման գծում այս տարի մենք առնվազն մի դեպք ունեցել ենք, երբ ցավոտ կորուստներ ենք ունեցել հենց այն պատճառով, որ հակառակորդը ֆիքսել է մեր զինվորների մոտ եղած բջջայինը։
Ծնողներ ջան, արդեն մի քանի ամիս ա, ինչ սահմանի վրա սովորական երևույթ ա դարձել հհրետանու կիրառությունը, երեկ արդեն տանկ էլ էին կիրառել, վաղը չգիտեք՝ ինչ կլինի։ Ձեր իսկ երեխայի անվտանգության համար մի՛ ուղարկեք ու թույլ մի՛ տվեք, որ նրան բջջային հեռախոս ուղարկեն։ Նրա հետ ցանկացած պահի շփվելու հնարավորությունն ավելի կարևոր չէ, քան նրա կյանքն ու անվտանգությունը։ Գոնե հորդորեք, որ հեռախոսը դիրքեր չտանեն հետները։
2․ Հեռախոսները ու առավել ևս սմարթֆոնները, որոնցով հնարավոր է մուտք կատարել սոցցանցեր, իսկական գլխացավանք են դարձել մեր ԱԱԾ-ի համար, որովհետև գաղտնի տեղեկատվության արտահոսքի զգալի մասը տեղի է ունենում հենց բջջայինների գաղտնալսման ու հատկապես՝ բջջայիններով սոցցանցերում ամբախ-զամբախ դուրս տալու և գլուխ գովալու հետևանքով։
Ադրբեջանական հետախուզությունը մի ամբողջ ստորաբաժանում ունի, որ սոցցանցերով գտնում է ժամկետային ու պայմանագրային զինծառայողների ու, որպես կանոն, գեղեցիկ աղջիկների պրոֆիլներով սկսում է խոսացնել։ Հաճախ այս պրոֆիլները վարող ադրբեջանցի հետախույզները վարժ հայերեն են խոսում, որովհետև այստեղից գնացած ադրբեջանցիներ են կամ էլ նրանց սերունդներ, ովքեր մի բան էլ սովորում են հայոց լեզու, այնպես որ, մի մտածեք, որ սա ինչ-որ անհավանական բարդ բան է։ Ջահել զինվորն էլ բռնում ա ու սկսում ա գլուխ գովալու ու տպավորություն թողնելու համար ամբախ-զամբախ խոսալ։ Դե էլ չխոսամ երեկ ձերբակալված պահեստազորի մայորի պես սրիկաների մասին, ովքեր գիտակցված դավաճանություն են անում։
Մի խոսքով, զինվորներ ջան, զինվորների հարազատներ ջան, եկեք չմոռանանք, որ բանակը, վերջիվերջո, սանատորրիա չի, ու սրանից դեռ մի 20 տարի առաջ սկի բջջային հեռախոս հասկացությունը չգիտեին, թե ինչ ա, ու հանգիստ շփվում էին նամակներով։ Տեխնոլոգիան իհարկե լավ բան է, բայց ոչ այնքան, որ դրա համար վտանգես քո ու ընկերներիդ կյանքն ու առողջությունը։ Ավելի գիտակից եղեք ու զգոն։