Արոնյանն ու Կարլսենն այս անգամ խաղաղությամբ բաժանվեցին


00:51 , 10 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 4-ից Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթանում է մրցաշրջանի գլխավոր գերմրցաշարերից մեկը, աշխարհի 13-րդ չեմպիոն մեր հռչակավոր հայրենակից Գարրի Կասպարովի կողմից նախաձեռնված ու առաջին անգամ կազմակերպված 1 մլն դոլար մրցանակային հիմադրամով Grand Chess Tour-ի մրցաշարքի 3-րդ փուլի՝ London Chess Classic անվանումով ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակով 22–րդ կարգի գերմրցաշարը:
Նկատենք, որ London Chess Classic գերմրցաշարն անցկացվում էր այս հետաքրքիր մրցաշարքի անցկացումից դեռ շատ առաջ էլ ու հիմա արդեն 7-րդ անգամ է կազմակերպվում:
Նկատենք, որ մրցաշարքի 10 մասնակիցներից 7-ը ներկայիս ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում տեղ զբաղեցնող շախմատիստներն են:
Ստուգատեսի հերթական՝ 5-րդ տուրում կենտրոնականը Լևոն Արոնյանի և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հանդիպումն էր: Նրանց մրցավեճն այս անգամ առավել քան սկզբունքային էր, քանի որ բոլորովին վերջերս Ռեյկյավիկում ընթացած Եվրոպայի թիմային առաջնության նոեյմբերի 15-ի տեղի ունեցած Հայաստան- Նորվեգիա մրցամարտի ժամանակ ՀՀ թիվ 1 շախմատիստը տպավորիչ հաղթանակ էր տարել աշխարհի թիվ 1 շախմատիստի նկատմամբ: Այս անգամ աշխարհի գործող չեմպիոնը ձգտում էր ռևանշի հասնել, սակայն սև խաղաքարերով հանդես եկող հայ գրոսմայստերը վստահ անցկացրեց պարտինա, ու 40-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Սա թե՛ Արոնյանի և թե՛ Կառլսենի այս ստուգատեսում խաղացած արդեն 5-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, որը Լևոնին անհատական ընթացիկ վարկանիշի 0,6 կետի բարձրացում բերեց ու նույնքան չափով էլ պակասեցրեց Մագնուսի անհատական ընթացիկ վարկանիշը:
Իսկ ընդհանպես այս տուրը ևս աչքի ընկավ ոչ-ոքիների առատությամբ. 4 պարտիայում կողմերը կիսեցին միավորն, ու միայն մեկում բուլղարացի Վեսելին Տոպալովն զիջեց աշխարհի նախկին չեմպիոն Անանդին: Սա այս մրցաշարքի 1-ին՝ նովեգական փուլի հաղթող Տոպալովի այս մրցաշարում կրած արդեն 3-րդ պարտությունն էր:
Նկատենք, որ գերմրցաշարի անցած 5 տուրերում խաղացված 25 պարտիաներից 21-ում կողմերը խաղաղ դաշն են կնքել, ու միայն 4-ն արդյունավետ ելք է ունեցել:
Այժմ 3-ական միավորով 1-3-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Վաշե Լագրավն ու Գրիիին, իսկ Արոնյանը նրանցից կես միավորով ետ է մնում և Կառլսենի, Անանդի, Գրիշչուկի, Ադամսի ու Կարուանայի հետ 4-9-րդ տեղերը բաժանողների շարքում է:
Ստուգատեսի այս փուլի անհաջողակ Տոպալովը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունենալիք 6-րդ տուրում Արոնյանը սևերով մրցելու է Նակամուրայի հետ:
Ինչպես այս՝ London Chess Classic գերմրցաշարի, այնպես էլ նաև ողջ Grand Chess Tour-ի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո: