21:49 , 9 դեկտեմբեր, 2015

«Նախ եկեք հարգենք ինքներս մեզ»... Վերջին ժամանակներում նկատվում է մի այսպիսի ակնհայտ միտում: Հայաստան այցելած բոլոր ռուսական պաշտոնյաների ելույթները հայաստանյան կենտրոնական հեռուստաալիքներով բացարձակապես չեն թարգմանվում, և այդ ելույթների տեսագրությունները տրվում են առանց հայերեն զուգահեռ թարգմանության՝ անգամ տողատակի թարգմանությունն իսպառ բացակայում է: Նույնը կարելի է ասել նաև մեր նորահայտ թյուրք «ռազմավարական դաշնակիցների»՝ ղազախ ու ղրղիզ պաշտոնյաների ռուսալեզու ելույթների մասին: Այս վերջիններիս հարցում գոնե ինչ-որ արդարացում կա. չունենալով զարգացած գրական լեզու և մշակութային ավանդույթներ ընդհանրապես՝ այդ երկրների պաշտոնական լեզուն փաստացի այդպես էլ մնացել է սովետական դարաշրջանի ռուսերենը:
Բայց կարծես թե մեր երկրի ազգային լեզուն դեռևս ՀԱՅԵՐԵՆՆ է, և ոչ ոք, համենայն դեպս այս պահին, չի չեղարկել այդ սահմանադրական կարևորագույն դրույթը: Ի վերջո, կան նաև բյուջետային գումարների վրա պահվող պետական կառույցներ, որոնց ուղղակի պարտականությունն է այս ամենը վերահսկել: Դժվար է, իհարկե, պատկերացնել պետական լեզվի նկատմամբ նմանատիպի անլուրջ և բացիթողի իրավիճակ մեր հարևան Վրաստանում: Բոլորս էլ հիանալի գիտենք, որ վրացիներն ինչ աստիճանի են պաշտում իրենց մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները և շատ հետևողական են այդ ամենի նկատմամբ:
Հայոց լեզուն մեր ազգային ինքնության կարևորագույն գրավականն է: Դա միակ անբեկանելի զենքն է, որը ոչ մեկը չի կարող խլել մեզանից, եթե, իհարկե, դա մենք կամավոր կերպով չհանձնենք ու անձնատուր չլինենք: «Նախ եկեք հարգենք ինքներս մեզ, որից հետո նոր կարող ենք պարտադրել օտարներին հարգալից վերաբերվել մեր իսկ նկատմամբ», - շատ դիպուկ և տեղին է ասել Ջավահարլալ Ներուն: