19:26 , 9 դեկտեմբեր, 2015
Շատերին թվում է, որ կրթության խնդիրներ վերլուծելու համար ինֆորմացիա և մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում, ուստի, ով ունի հարևանի երեխա, ով գնում է դպրոց և ինչ–որ մեկի հետ սուրճի սեղանի մոտ այն քննարկում է, թվում է, թե լիարժեք տիրապետում է կրթության հիմնախնդիրներին, համարյա մասնագետ է:
Այս մասին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՝ անդրադառնալով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե արդյո՞ք նախարարության հետ համագործակցել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ իր զեկույցում կրթության որակի վերաբերյալ իր բացասական գնահատականը տալուց առաջ:
«Մինչդեռ, որևէ մեկը կույր աղիքի որդանման ելուստի հեռացան ժամանակ ներարկված անասթետիկի քանակը ճի՞շտ էր, թե՞ ոչ՝ չի քննարկում»,- ասաց նախարար Աշոտյանը, ով սա ինչ-որ առումով բնական է համարում, քանի որ կրթության ոլորտը ամենահանրայնացվածն է:
Արմեն Աշոտյանն ասաց, որ բոլորին հայտնի է իր գնահատականը ՄԻՊ-ի զեկույցին, որ այն մնում է անփոփոխ, ուստի չի ցանկանում դրան նորից անդրադառնալ:
Աշոտյանը տեղեկացրեց, որ մրցունակության գլոբալ ինդեքսում վեց կետով Հայաստանը առաջանցիկ շարժ է ապահովել՝ 82-րդից հասնելով 76-րդին: Մաթեմատիկա և բնագիտական առարկաների դասավանդման գծով էլ ապահովվել է 22 կետանոց առաջընթաց։ «Եվ, առհասարակ, բոլոր ցուցիչներով՝ կա դրական և ակնհայտ առաջընթաց»,- եզրափակեց նախարարը: