23:24 , 8 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը (HDK) դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առնչությամբ ուղերձ է տարածել՝ հասցեագրված թուրքական պետությանը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ուղերձում, որը ստորագրել են HDK խոսնակներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուքչուն, կոչ է արվում առերեսվել սեփական պատմությանն ու ներողություն խնդրել իրականացրած ցեղասպանությունների համար:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունը, որն իրականացվեց Օսմանյան կայսրության այդ ժամանակվա ղեկավարության՝ «Իթթիահաթ վե թերաքիի» («Միություն և առաջադիմություն») կարգադրությամբ, օսմանյան հայերի էթնիկ և կրոնական ինքնությունները վերացնելուն ուղղված ծրագրավորված և համակարգված համամարդկային հանցագործություն էր»,- նշվում է HDK հայտարարության մեջ: Դրանում ներկայացված է, թե ինչպես 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ մտավորականության ձերբակալությամբ մեկնարկած ցեղասպան ական գործողության ընթացքում հայ ժողովուրդը, որն այդ տարածքների հնագույն բնակիչներից է, պոկվեց սեփական հայրենիքից: «Հետագայում Ցեղասպանությունն իթթիհաթականներին ներվեց հայերի «կապիտալի թուրքացման» և «թուրքական տարրը գերիշխող դարձնելու» հիմնավորումներով: 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը»,- ասվում է ուղերձում: