Նոր Սահմանադրության որոշ գլուխներ ուժի մեջ կարող են մտնել քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում


19:19 , 8 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Նոր Սահմանադրության որոշ գլուխներ, այդ թվում` մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող, օրենքների, ԱԺ–ի կողմից ուղերձներ և որոշումներ ընդունելուն և Մարդու իրավունքի պաշտպանին վերաբերող գլուխները ուժի մեջ կարող են մտնել առաջիկայում՝ ինչպես նախատեսված է փոփոխությունների նախագծի` անցումային դրույթներով։ Այն է՝ «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» նոր Սահմանադրության հրապարակվելու հաջորդ օրը, եթե, իհարկե, նախագիծը անցնում է հանրաքվեով:
 
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակմամբ հաստատեց, որ սահմանադրական փոփոխություններն ընդունված են, ինչից հետո կլինի վերջնական արդյունքների հրապարակումը` Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով:
 
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, առաջին երեք գլուխների, և առհասարակ,  անցումային դրույթների էությունը նրանում է, որ նմանատիպ ամբողջական փաստաթղթերը պետք է աստիճանաբար ուժի մեջ մտնեն, որովհետև ուժի մեջ մտնելու հետ կապված` որոշ իրավիճակներ պետք է բնականոն հունի մեջ մտնեն: «Այսինքն` Սահմանադրությունից բխող այլ օրենսդրական բազան պետք է կարգավորվի, նոր գործողության մեջ մտնի, դրա համար էլ նախատեսված են անցումային դրույթները»,– ասաց նա:

  
Սահմանադրության բոլոր դրույթները, Սահմանադրությունն ամբողջական, ըստ Հովհաննես Սահակյանի, աստիճանաբար են ուժի մեջ մտնելու` 2018 թվականին, երբ կավարտվեն ՀՀ նախագահի լիազորությունները:
 
Ներկայացնում ենք ևս մի քանի  անցումային դրույթ
 
2005 թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի` ԱԺ-ին վերաբերող դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
 
Սահմանադրության 89-րդ հոդվածի (ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին) 1-4-րդ և 6-րդ մասերը ուժի մեջ են մտնում նոր Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից:
 
Սահմանադրության 11-րդ գլուխը (Կենտրոնական հանձնաժողովի մասին) ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից:
 
Սահմանադրության 89-րդ հոդվածի 5-րդ մասի, 108-րդ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխները ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
 
Հոդված 209–ը նախատեսում է նաև, որ Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից: Կոնկրետ Ընտրական օրենսգրքի հետ կապված հիշեցնենք, որ անցումային դրույթներով ԱԺ պատգամավորների թվի սահմանումը, «ռեյտինգային պատգամավորներ» սահմանումները, ընտրությունների երկրորդ փուլը թողնված են Ընտրական օրենսգրքով կարգավորումներին:
 
«Նոր Ընտրական օրենսգիրք` Նոր Սահմանադրությունից բխող: Ուզում եմ հիշեցնել, որ ընտրական համակարգի մի շարք դրույթները թողնված են  ԸՕ-ին` սկսած նրանից, թե ինչպես են անցնելու ընտրությունները,  հանձնաժողովների ձևավորումից` մինչև  ընտրական համակարգ, ռեյտինգայի՞ն, թե այլ մոտեցմամբ, պատգամավորների թիվը, որը 101 նվազագույն շեմ է սահմանված և դրանից բարձր ինչ շեմ է սահմանվելու: Արդեն իսկ կան մոտեցումներ, դրանք տարբեր են, բայց քանի որ ընդամենը մոտեցում են, և մենք չենք քննարկել մեր մյուս գործընկերների հետ, այս պահին չբարձրաձայնենք»,-մեկնաբանեց Հովհաննես Սահակյանը:
 
Վերջինս նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի առաջարկները հաշվի են առնվելու, ուստիև կոչ արեց ակտիվ ներգրավված լինել ԸՕ մշակման գործընթացի մեջ, «որովհետև պակաս կարևոր չեմ համարում նոր ԸՕ-ի հետ կապված աշխատանքներն ու քննարկումները»:
Ի պատասխան հարցի, թե նոր Ընտրական օրենսգիրքը 2016-ի հունիսի 1-ն պետք է ընտրվի պատգամավորների 3/5-ով, ինչպես նախատեսված է նոր Սահմանադրությամբ, Հովհաննես Սահակյանը պարզաբանեց, որ ոչ, դա ընդունվելու է այսօրվա ԱԺ-ի կողմից:
 
Ներկայացնում ենք մյուս անցումային դրույթները
 
ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
 
Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից:
 
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
 
Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից:

Հոդված 210. Ընտրիչների ժողովի գումարման ժամկետը
 
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
 
Հոդված 211. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված (ընտրված) Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
 
Հոդված 212. Դատավորների, վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատարանների նախագահների պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
 
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և դատարանների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատարանների նախագահների նշանակումը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումից հետո ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:
 
Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության փոփոխությունների 164-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:
 
Հոդված 213. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը
 
Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման պահից: Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Ազգային ժողովը և Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեք անդամին ընտրում են հինգ տարի ժամկետով, իսկ երկուսին` երեք:
 
Հոդված 214. Գլխավոր դատախազի պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:
 
Հոդված 215. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված ժամկետի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները շարունակում են պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: 180-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Հոդված 216. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:
 
Հոդված 217. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվում է Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով մինչև 2016 թ. նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից:
 
Հոդված 218. Սահմանադրության 12-րդ (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորում)  13-րդ (Հաշվեքննիչ պալատի ձևավորում) գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը
Սահմանադրության 12-13-րդ գլուխների ուժի մեջ մտնելուց հետո այդ մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
 
Հոդված 219. Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարումը
 
Մինչև Սահմանադրության 14-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական բանկի նախագահը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը: