Գնաճային ճնշումը շարունակել է թուլանալ


12:54 , 8 դեկտեմբեր, 2015
main_thumbAraratnews.am-ը գրում է.
Ի տարբերություն նախորդի, այս տարի Հայաստանում գնաճն անհամեմատ ավելի ցածր է։ Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սպառողական գների ինդեքսը 12-ամսյա հատվածում կազմել է ընդամենը 1,2 տոկոս։
Ավելին, պարենային ապրանքների շուկայում վիճակագրական ծառայությունը նոյեմբերին նույնիսկ գնանկում է արձանագրել։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շուկան էժանացել է 1,6 տոկոս։
Իհարկե դա պայմանավորվել է հիմնականում ներքին գյուղատնտեսական ապրանքների գնային փոփոխություններով։ Դրանք մեծամասամբ զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին։ Ընդ որում, երբեմն տարբերությունը բավական մեծ է։
Մասնավորապես մրգի շուկայում գնանկումը, ըստ վիճծառայության դիտարկումների, մոտնեում է գրեթե 16 տոկոսի։ Բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքային շուկաներում գները 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են 9,4 տոկոսով։ 12-ամսյա հատվածում գների անկում է գրանցվել նաեւ մսամթերքի շուկայում։ Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ավելի էժան են նաեւ բուսական եւ կենդանական յուղերը։
Իհարկե տոներին ընդառաջ եւ սեզոնային գործոններով պայմանավորված որոշ մթերքներ սկսել են թանկանալ։ Գնաճային երեւույթներ են նկատվել տանձի, խնձորի , խաղողի, դեղձի շուկաներում։ Վերջինս մեկ ամսվա ընթացքում թանկացել է գրեթե 29 տոկոսով։ Գնաճ է նկատվել նաեւ ձվի շուկայում։ Նոյեմբերին ձվի գինը բարձրացել է 2,8 տոկոսով։ Գնային փոփոխությունները զգացնել են տվել նաեւ այլ ոլորտներում։ Մասնավորապես բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքային շուկան միայն նոյեմբերին թանկացել է ավելի քան 27 տոկոսով։
Այս ամենով հանդերձ, Հայաստանում գոնե առայժմ չկա նախորդ տարվա գնաճային աժիոտաժը։ Ավելին, Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կգտնվի ցածր մակարդակի վրա։
Դրա համար, անշուշտ, բարենպաստ միջավայր է ստեղծվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածում։ Թերեւս հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԿԲ-ն անցած ամիս մի փոքր էժանացրեց նաեւ տնտեսության մեջ մտնող փողի գինը։
Տարեվերջից հաշված օրեր առաջ 12-ամսյա գնաճը Հայաստանում գտնվում է նախատեսված թիրախային ցուցանիշի ստորին սահմանից ցածր։ Ամեն դեպքում նկատի ունենալով անցյալի փորձը՝ առաջիկայում շուկայում որոշակի գնաճային ճնշումներ սպասվում են։ Նախատոնական առեւտրի շրջանում ձեւավորվող բարձր պահանջարկը սովորաբար հանգեցնում է նաեւ գների ավելացման։ Սակայն շատ կարեւոր է, որպեսզի դրանք դուրս չգան շուկայական գնագոյացման տիրույթից։