Կառավարելի Թուրքիան շատ ավելի գերադասելի է Հայաստանի համար. քաղաքագետ


10:04 , 8 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգերը զարգացնելու հարցում:
 
«Անբնական ռուս-թուրքական եղբայրությանը շատ կտրուկ փոխարինելու է եկել Ռուսաստան-Թուրքիա առճակատումը, ընդ որում բախվեցին երկու նեոկայսերական սինդրոմներ, գաղափարներ, ամբիցիաներ, ավտորիտար սնապարծություններ, ինչն իհարկե մեգատարածաշրջանում մեծ լարվածության սկիզբ դրեց, որտեղ ՆԱՏՕ-ն չի կարող չմիջամտել»,-ասաց նա:
 
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին հարցին՝ խփված ռազմական Սու-24 ինքնաթիռի կործանման պատճառով, հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու իր օդային տարածքը։

 
«ՆԱՏՕ-ն փաստորեն Թուրքիային օգնության ձեռքը  մեկնելով, մյուս կողմից մեծացնում է հսկողությունը Թուրքիայի  նկատմամբ, որպեսզի Թուրքիան ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմավարությանը հակառակ քայլերի դիմելու հնարավորություններն էապես նվազեն: Այնպես որ, ես կարծում եմ, որ սա դրական գործընթաց է, որովհետև կառավարելի Թուրքիան շատ ավելի գերադասելի է Հայաստանի համար, քան օսմանյան ամբիցիաներով ինքնագլուխ և ագրեսիվ Թուրքիան»,-ասաց նա:
 
Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ վտանգավոր է, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները այսպես շարունակի: «Ռուսաստանին թշնամաբար տրամադրված բոլոր ուժերը չդիմելով Ռուսաստանին ուղղակիորեն հարվածելու ռիսկին՝ կարող են անուղղակի հարվածել՝ հարված հասցնելով Հայաստանին: Հայաստանը դառնալու է թիրախ Ռուսաստանի բոլոր թշնամիների համար»,-ասաց նա:
 
Քաղաքագետը գտնում է, որ մյուս կողմից Հայաստանի համար բացվում է շատ լայն հնարավորություն: «Հայաստանը կարող է  դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը և ամրապնդել իր կապերը ուժային այլ կենտրոնների հետ՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանից միակողմանի կախվածությունը: Հատկապես առաջնահերթ  կարող է սերտացնել հարաբերությունները արևմուտքի հետ, հարևանների հետ, ում հետ այսօր էլ Հայաստանն ունի նորմալ հարաբերություններ՝ Վրաստանի և Իրանի հետ, և այդ ամենով էլ ամրապնդի խոշոր տնտեսական նախագծեր»,-ասաց նա: