Amnesty International-ը պարզել է ԴԱԻՇ-ի զինանոցի աղբյուրները


08:15 , 8 դեկտեմբեր, 2015
isis-cacheAmnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր կայքում հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները կիրառում են զենքի մի ողջ զանգված, որն անվերահսկելիորեն Իրաքում է հայտնվել վերջին տասնամյակում։
Համաձայն հազարավոր տեսագրությունների ու լուսանկարների վերլուծության՝ գրոհայինները կիրառում են մոտ 25 պետությունների զենքեր, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների։
Կազմակերպության՝ սպառազինությունների վերահսկման հարցերով աշխատակից Պատրիկ Ուիլկենի խոսքով՝ իսլամիստների կողմից կիրառվող զենքը տարածաշրջանում սպառազինության անխոհեմ առևտրի դասագրքային օրինակ է, որտեղ բացակայում են կանոնակարգումն ու վերահսկողությունը։
Նշվում է, որ ահաբեկիչների զենքի հիմնական մասը ինչ-որ ժամանակ մատակարարվել է տարածաշրջան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, ինչպես նաև Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կողմից։ Զեկույցում հստակեցվում է, որ ԴԱԻՇ-ի ավանդական սպառազինության մեծ մասն արտադրվել է 1970-90-ականներին։
Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել մատակարարումները Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր խմբավորումներին, քանի որ սպառազինությունն անկայուն տարածաշրջաններում հեշտությամբ կարող է փոխել տիրոջն ու հանգեցնել էլ ավելի մեծ թվով զոհերի։