Բոլորս այսօր արթնացանք նոր Հայաստանում՝ նոր Մայր օրենքով, զարգացման նոր տեսլականով ու հեռանկարներով


00:18 , 8 դեկտեմբեր, 2015
Կամա, թե ակամա՝ բոլորս այսօր արթնացանք նոր Հայաստանում՝ նոր Մայր օրենքով, զարգացման նոր տեսլականով ու հեռանկարներով, բազմաբովանդակ ու քրտնաջան աշխատանքի անհետաձգելի հրամայականով:
Այո, ոմանք հիասթափված են, շատերը՝ ոգևորված, մի մասը՝ մեծ սպասելիքներով, ոմանք էլ՝ պարզապես անտարբեր ու անհավատ. զգացողությունները տարբեր են, ճիշտ այնչափ, որչափ տարբեր էին մոտեցումները՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ կապված:
Եվ այսուհանդերձ, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այս ողջ թոհուբոհի վերջնահանգրվանին ցանկանում եմ խորը երախտիքի խոսքս հղել նախ մասնագետների այն ողջ խմբին, ովքեր, հիրավի, մեծ աշխատանք են տարել նոր սահմանադրության նախապատրաստման գործում, այն փորձագետներին ու մասնագետներին, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքների ողջ խորությամբ հասարակությանը հասու են դարձրել նոր Մայր օրենքի առավելություններն ու թերությունները, քաղաքական գործիչներին՝ գործընթացին կողմ, թե ընդդիմադիր, ովքեր իրենց պարբերական բանավեճերի միջոցով ողջամիտ կերպով մղել են ընտրողին՝ մտածելու, համեմատելու կշռադատելու...
Անշուշտ, շնորհակալությունս եմ ուզում հայտնել հատկապես վերջին շաբաթվա ընթացքում Ազատության հրապարակում բոլորիս համար պայքարած ու պահանջատեր հայրենակիցներիս, ովքեր, չնայած հայաստանյան ձմռան անողոք ցրտին, չընկճվեցին, պայքարեցին՝ փորձելով հասու դարձնել իրենց տեսակետները, առավել մեծ ծավալի պատասխանատվություն պահանջելով հանրաքվեի կազմակերպման պատասխանատուներից: Շնորհակալ եմ բոլոր այն լրագրողներին, ընտրական գործընթացի մասնակիցներին, ովքեր բացահայտեցին, հնարավորինս վեր հանեցին գործընթացի ընթացքում արձանագրված իրական թերություններն ու ապօրինությունները, որոնք, հուսամ, համարժեքորեն կպատժվեն իրավապահ մարմինների կողմից:
Ուզենք, թե՝ ոչ, բայց հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ հետայսու յուրաքանչյուրս պարտավոր ենք հետևելու նոր սահմանադրությանը, իսկ քաղաքական դաշտի դերակատարները՝ գործելու նոր խաղի կանոններով: Ուզում եմ հավատալ, որ և՛ սահմանադրական գործընթացի նախաձեռնողները, և՛ դրա բոլոր սուբյեկտներն ամենայն խորությամբ գիտակցում են իրենց վրա դրված պատասխանատվության լրջագույն չափաբաժինը՝ նաև մայր օրենքի ընձեռած հնարավորություններով ու լծակներով զտելու մերօրյա իրականությունում առկա արատավոր երևույթները, և ամենակարևորը՝ երկրում իրականացվելիք բարեփոխումների ողջ շղթան հնարավորինս շոշափելի դարձնելու շարքային քաղաքացու առօրյայում: