Թուրքիային 24 ժամ է մնացել զորքերը դուրս բերելու համար. Իրաքի վարչապետ


22:39 , 7 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել իր զորքերն Իրաքից` հայտարարելով, որ վերջինիս 24 ժամ ժամանակ է մնացել այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է վարչապետի մամլո հաղորդագրության մեջ:

«Պահանջում ենք Թուրքիայից հարգել Իրաքի ինքնիշխանությունը, մենք նրանց 48 ժամ ժամանակ ենք տվել հարցի կարգավորման համար և այժմ մնում է 24 ժամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Իրաքի վարչապետը հայտնել էր, որ իր երկրի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում դիմել ցանկացած հնարավոր քայլի, այդ թվում` ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը, եթե թուրքական զորքերը չլքեն երկրի տարածքը 48 ժամվա ընթացքում:

Իրաքյան իշխանությունների տվյալներով` թուրքական տանկային գումարտակը դեկտեմբերի 4-ին ներխուժել է Նայնավ նահանգ` քրդական աշխարհազորայիններին վերապատրաստելու պատրվակով: