Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են ՀՀ և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը


22:06 , 7 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Բանակցությունների մեկնարկի իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցությունների մեկնարկը:

Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի: Հայաստանի Նախագահի բնորոշմամբ՝ «հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է՝ իր անցյալով, մշակույթով, ներկա նպատակներով և իղձերով»:
Իսկապես, որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը։ Նրանք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձևավորման գործում, որն այսօր կոչում են եվրոպական արժեքներ:
Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ