Սոնան, Սևակը, Նարեն, Վահեն և մյուսները նորովի կներկայացնեն ժողովրդական երգերը


18:45 , 7 դեկտեմբեր, 2015
Սևակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գևորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը, Պետրոս Պետրոսյանը, Սուրեն Ավոյանը, Ժաննա Դավթյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը ժողովրդական երգը կներկայացնեն ժամանակակից հնչողությամբ։ Դեկտեմբերի 13-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նրանք հանդես կգան «Ժողովրդական երգիչ. նոր սկիզբ» խորագրով համերգի շրջանակներում։
BlogNews-ի հետ զրույցում համերգի ռեժիսոր Աննա Թադևոսյանն ասաց, որ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին երկու եթերաշրջաններում օգտագործում էին դասական-ժողովրդական նվագարաններ, երրորդ և չորրոդ եթերաշրջաններում փորձ էր արվում ժամանակակից շունչ մտցնել. «Սա բոլոր եթերաշրջանների ամփոփումն է։ Հիմա երիտասարդությունը քիչ է լսում ժողովրդական երգեր։ Միգուցե այս տարբերակները երիտասարդներն ավելի հաճախ լսեն, որովհետև իրենց ավելի մոտ են»։ Նա նշեց, որ մասնակիցներին ընտրել են ոչ միայն «Ժողովրդական երգիչ», այլև «X Factor» և «Հայ սուպերսթար» նախագծերից, որպեսզի ապահովեն բազմազանությունն ու ժամանակակից շունչը։
Նոր գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մալյանը՝ Գիսանեն ռոքային, Միքայելը՝ դասական երանգով։ Երգերը սիրո մասին են, յուրաքանչյուր երգիչ ներկայացնելու է 2-ական անհատական կատարում և 1-ական զուգերգ։ Ձևավորվել են հետևյալ զույգերը՝ Սևակ Ամրոյան ու Սոնա Ռուբենյան, Սուրեն Ավոյան ու Ժաննա Դավթյան, Պետրոս Պետրոսյան ու Եվա Թաշչյան, Նարե Գևորգյան ու Վահե Մարգարյան, Եվա Եգանյան ու Գրիգոր Միրզոյան։ Նրանք կներկայացնեն սիրո պատմություններ, որոնք կուղեկցվեն նաև տեսանյութերով։
«Մենք արել ենք ծրագրի փակ շնորհանդեսը, որին ներկա են եղել արվեստագետներ, ժողովրդական երգի մասնագետներ, կոմպոզիտորներ։ Շատ լավ արձագանքներ ստացանք։ ԱՄՆ-ում էլ 2 համերգ ենք ունեցել՝ լեփ-լեցուն դահլիճով»,- ասաց Աննան։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի