17:06 , 7 դեկտեմբեր, 2015
Վերջին շրջանում Անկարայի վարած արտաքին քաղաքականությունն ագրեսիվ է դարձել, ու Ռուսաստանի հետ կոնֆլիկտը ցույց է տալիս, որ նա շատ հեռուն է գնացել, գրում է բրիտանական
The Guardian թերթը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված աջակցությունը թուլացնելու փորձի ընթացքում Թուրքիան նոյեմբերի 24-ին խոցեց ռուսական ինքնաթիռը, ինչն անգամ «սառը պատերազմի» տարիներին կդիտարկվեր որպես աննախադեպ դեպք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման «ավանտյուրան» երկիրը կարող է ավերման հասցնել:
The Guardian-ի սյունակագրի կարծիքով՝ Թուրքիայի գործողությունները կարելի է բացատրել թերարժեքության բազմադարյա բարդույթով ու իշխանության տենչով:
Դրա ֆոնին Էրդողանն իրեն պատկերացնում է որպես «Օսմանյան կայսրության վերականգնող»:
Թուրքիայի նախագահը, սակայն, կարծես մոռացել է այն մահացու սպառնալիքը, որը գալիս է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից, մասնավորապես՝ Իրաքից ու Սիրիայից:
Ռուս-թուրքական հակամարտության արդյունքում ԱՄՆ-ն ու Եվրոպան ամեն դեպքում շարունակելու են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ այն դեպքում, երբ Թուրքիան կարող է մեկուսացման մեջ մնալ, ընդգծում է պարբերականը:
Մինչ վերջերս թուրք առաջնորդը բավական հաջողակ էր, իսկ վերջին իրադարձությունները պետք է դաս լինեն նրա համար այն մասին, որ պետք չէ սադրել Ռուսաստանին, կարծում է հոդվածագիրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։