13:30 , 7 դեկտեմբեր, 2015
Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկը ազդարարվեց ոչ միայն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կարծիքների լռեցմամբ, այլև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» օրինագծի մերժմամբ: Քվեարկությունից առաջ Զ. Փոստանջյանը հայտարարեց.
«Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ և այս օրինագծի վերաբերյալ կարծիք արտահայտեց, թե իբրև նման օրինագծի ընդունմամբ ինքն ընկնելու է պատասխանատվության տակ և վախենում է այդ պատասխանատվություն….»:
«Նման միջադեպ չի եղել, անջատեք խոսափողը»,- ընդհատելով Զ.Փոստանջյանին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բայց քանի որ խոխափողը դեռ չէին անջատել, ընդդիմադիր Փոստանջյանն ասաց, որ եղել է: Բայց միայն այսքանը հասցրեց:
Գ.Սահակյանը հորդորեց.
«Զրպարտությունների շարքը թողեք»:
Այնուհետ, անդրադառնալով Զ.Փոստանջյանի օրինագծին և նշելով, թե ներկայացնում է ՀՀԿ խմբակցության տեսակետը և որպեսզի պատգամավորին չվիրավորեն «որոշել են այդ անհեթեթ որակումներով շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկության չմասնակցել»:
Պարզվեց, որ ԲՀԿ խմբակցությունը ևս չի մասնակցելու քվեարկությանը: Այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Քվորում ապահոված 110 պատգամավորներից միայն 8 «կողմ» արձանագրվեց, 1 «դեմ» և 2 «ձեռնպահ»:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկելու ժամանակ ևս քվեարկության չի մասնակցել, ինչպես և այսօր չմասնակցեց.
«Ուզում եմ ասեմ, որ իմ չմասնակցելը քվեարկությանը որևէ կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քվեարկությանը չմասնակցելու հետ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, թե մեծ ցանկության դեպքում էլ կապը դժվար թե գտնեին: