09:10 , 7 դեկտեմբեր, 2015

Ամերիկացիների կեսից ավելին (53%) կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ցամաքային զորքեր ուղարկի Իրաք կամ Սիրիա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին են վկայում CNN-ի և ORC-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
CNN-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ ամերիկացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Սիրիայում ցամաքային զորքերի տեղակայմանը։ Հարցվածների 68 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի ռազմական պատասխանն ահաբեկիչներին բավարար ագրեսիվ չէ, 10 պատասխանողներից 6-ը դժգոհ է ահաբեկչության խնդրի նկատմամբ ԱՄՆ նախագահի քաղաքականությունից։ Պատասխանողների 60 տոկոսը կարծում է, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմական գործողություններն անցկացվում են անհաջող։ Հոկտեմբերին այդպես էր կարծում հարցվածների 67 տոկոսը։
Բացի այդ, ամերիկացիների 61 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է փախստականներ ընդունի Սիրիայից, 38 տոկոսը կարծում է, որ փախստականներին պետք է թույլ տալ ապաստան փնտրել Ամերիկայի տարածքում։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը՝ 1020 չափահաս ամերիկացիների շրջանում։