13:08 , 6 դեկտեմբեր, 2015
ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա մարտի 9-ից մինչեւ հունիսի 12-ը վերահսկողություն է իրականացրել ՀՀ կառավարության աշխատակազմի՝ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում: ՎՊ-ն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետբյուջեի միջոցների օգտագործման՝ «ՀՀ կարգավորիչ գիլյոտին» ծրագրի կատարման վերաբերյալ փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՎՊ-ն վերահսկողության ընթացքում բազմաթիվ խախտումներ է բացահայտել:
Այսպես՝ «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ-ի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի միջեւ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված «ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով ծրագրի իրականացման համար (առաջին փուլ) նախատեսվել էր հատկացնել ավելի քան 500 հազ. եվրո: Սակայն ԱԶԳ-ի կողմից ֆինանսավորվել է 485 հազար եվրո, այդ թվում 35 հազար եվրոն ֆինանսավորվել է 2014 թվականի հունիսի 25-ին, որի վճարման ժամկետի պայմանը նախատեսվել էր դրամաշնորհային համաձայնագրով աուդիտի ենթակա վերջնական հաշիվները ներկայացնելուց հետո: Վերը նշված ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար 2014-ի հունիսի 16-ի համաձայնագրով նախատեսվել էր հատկացնել 500 հազար եվրո: Սակայն այս անգամ նույնպես ԱԶԳ-ի կողմից 2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ֆինանսավորվել է 300 հազար եվրո: Ըստ ՎՊ-ի՝ ԱԶԳ-ից ֆինանսավորված ընդամենը 785 հազար եվրոն փոխարկումից հետո հիմնականում ուղղվել է հիմնարկի աշխատողների աշխատավարձի վճարմանը: