13:00 , 6 դեկտեմբեր, 2015
Երևանի Սուրեն Սպենդիարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքը գնահատվում է դրական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը:
«Սա այն ընտրատեղամասն է, որտեղ բոլոր ընտրությունների ժամանակ ակտիվություն է նկատվում: Քաղաքացիները վաղ առավոտից գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Նրա փոխանցմամբ՝ 9/11 ընտրատեղամասում գրանցված է 1374 ընտրող, որից ժամը 11:30-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 100-ից ավելի քաղաքացի: Կարինե Նալբանդյանի խոսքով՝ այդ ընթացքում ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել, միայն նշեց, որ հանձնաժողովում ընդգրկված ՀԱԿ-ի անդամը փորձել է մեկ ընտրողի ուղղորդել՝ քվեաթերթիկի վրա ցույց տալով «ոչ» -ի վանդակը և ասել՝ աստեղ կքվեարկես:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հովսեփյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց այդ մեղադրանքը: «Նման բան չկա: Ես ոչ մեկին չեմ ուղղորդել, պարզապես շատ ակտիվ եմ, դրա համար փորձում են խնդիր գտնել իմ աշխատանքում»,-ասաց Հասմիկ Հովսեփյանը:
Լրագրողների խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև լրագրողներին ընտրատեղամաս չթողնելու խնդրին: Կարինե Նալբանդյանը նշեց, որ նրանց մուտքը չի արգելվել, միայն ճշտվել է՝ լրագրողների անունները կան նախապես իրենց ներկայացրած ցուցակում, թե ոչ: