Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն


08:12 , 6 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Առավոտյան Ժամը 8-ին 41 ընտրատարածքների շուրջ 2000 ընտրատեղամասերի բացումով մեկնարկեց  դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը:
Քվեարկության օրվանից 1 օր առաջ  տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
Նրանցից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում  ընդգրկված է 16.856, ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 270, քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 140, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1.542 մարդ:
Հիշեցնենք, որ քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը:

Շուրջ 2000 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում  հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոններում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ. ՀՀԿ՝ 888, ԲՀԿ՝ 621, ՀԱԿ՝ 155, ՀՅԴ՝ 111, ՕԵԿ՝ 111, «Ժառանգություն»՝ 111 նախագահ և քարտուղար:
Սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու է 18 տեղական դիտորդական կազմակերպություն, այդ թվում նաև`«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը` 435, «Իրավունքի Եվրոպա միավորումը»` 429, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը` 89, «Շենացնենք մեր գյուղը» կազմակերպությունը` 52, «Ժողովրդավարական Արարատ» կազմակերպությունը` 44 դիտորդներով:
Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային  դիտորդական կազմակերպություններ.. ԱՊՀ դիտորդական առաքելություն՝ 44 դիտորդ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով՝ 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ՝ 33 դիտորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ՝ 5 դիտորդ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է երկրում կառավարման մոդելի փոփոխություն` կիսանախագահական համակարգը փոխարինելով պառլամենտական համակարգով և հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով:
Վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ-ում ներկայացված ուժերին:  Վարչապետին անվստահություն կարող է հայտնվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, որպեսզի ընտրված վարչապետը և նրա կառավարությունը բավարար ժամանակ ունենա իրականացնելու իր ծրագիրը:
ՀՀ նախագահին ընտրում է Ազգային ժողովն` անուղղակի ընտրությունների միջոցով:
Ընտրության երկրորդ փուլն անցկացվում է պատգամավորների երեք հինգերորդի մեծամասնությամբ, եթե չկա մեծամասնություն որևէ թեկնածուի շուրջ, ապա նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Մի շարք առանցքային մարմիններում և պաշտոններում՝ Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի նախագահները, ինչպես նաև Գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի անդամներն ընտրվում են ձայների երեք հինգերորդով:
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությամբ` միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է, որ նման բարձր ցենզ պահանջող ձայներով է ընտրվում:
Ընտրական օրենսգիրքը, «ԱԺ կանոնակարգ օրենք»-ը Դատական օրենսգիրք և այլ կարևորագույն մայր օրենքներ ևս ընտրվում են երեք հինգերորդով:
Հայաստանը ԵԽԽՎ անդամ երկրներից առաջինն էր, որ սահմանադրորեն ամրագրում է, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություններ, որ Հայաստանում կրթությունը 12-ամյա է: