21:39 , 5 դեկտեմբեր, 2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է՝ ռուս-թուրքական ճգնաժամով պայմանավորված Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այսօր հայտնվել է ծանր իրավիճակում:
«Սա պարզ է, և ես ինքս դրա ականատեսը եղել եմ Սանկտ-Պետերբուրգում, երբ համատեղ ասուլիս էր ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և մեր պատվիրակության ղեկավարների միջև: Բոլոր պատվիրակությունները Ռուսաստանի պառլամենտի ղեկավարը, ես` որպես մեր պատվիրակության ղեկավար, տաջիկները, բելառուսները, Մոլդովան, շատ խիստ քննադատեցինք Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը, բայց իմ կողքը նստած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Արիֆ Ռահիմզադեն բերանը ջուր առած նստեց և որևէ բան չխոսեց», -Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա, նույնիսկ այդ մակարդակի հանդիպմանը ցույց տրվեց, որ Ադրբեջանն ընտրում է Թուրքիային, եթե ոչ բարձրաձայն, ապա լուռ:
«Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է, որ բարձրաձայնի ՌԴ-ի դեմ գնալը կարող է շատ բացասական հետևանքներով ունենալ իր վրա և ինքը փորձում է խուսանավել, բայց կարծում եմ այսօրվա աշխարհում խուսանավելը մի քիչ դժվար է ստացվելու: Դա Ադրբեջանի խնդիրն է, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս տարածաշրջանում ամենամտերիմ գործընկերներն են և եթե ինձ ենք հարցնում՝ ես կարող եմ ասել, որ պանթուրքիզմի և օսմանիզմի քաղաքականությունը երբեք իրենց քաղաքական օրակարգից դուրս չի եկել և եկեք չմոռանանք Հեյդար Ալիևի հետևյալ խոսքերը՝ մեկ ազգ, երկու պետություն»,- ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց՝ պետք է շատ լավ հասկանալ, որ մեր տարածաշրջանում ունենք երկու հակառակորդ պետություն: «Եվ բնականաբար, Թուրքիայի այս քաղաքականությունն էլ երբեք հնարավորություն չի տալու որևէ դերակատարում ունենալ ղարաբաղյան հիմնահարցում»,- ասաց նա: