19:30 , 5 դեկտեմբեր, 2015
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի տնտեսական ապրանքների նկատմամբ պատժամիջոցներն ազդում են Թուրքիայի տնտեսության վրա:«Պատժամիջոցները Թուրքիայի վրա արդեն ազդել են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թուրքագետը նշեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը նախ հայտարարեց, որ իրենք իրենց արտաքին սահմաններն են պաշտպանում, իսկ հետո նշեց, թե եթե իմանային, թե դա ռուսական ինքնաթիռ էր, այդպես չէին վարվի:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ բնական գազով Թուրքիան արտաքին աշխարհից կախված է: «Ռուսական բնական գազը կազմում է Թուրքիայի ներմուծած էներգետիկ պաշարների ավելի քան 60 տոկոսը, իսկ դրա 68 տոկոսն օգտագործում է էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այսինքն, իրավիճակը բավականին բարդ է»,-ասաց նա և հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե պատժամիջոցները տնտեսական սահմանափակումներով չեն քչանա և իրենք այլ միջոցներով ևս պատժելու են Թուրքիային:
«Խոսակցություն կա, որ Ռուսաստանն ավելի կատարելագործված նոր համակարգ է Գյումրու ռազմաբազայում տեղակայելու և Սիրիայում երկու հատ արդեն տեղակայել է: Թուրքիայի ամբողջ տարածքն այդ համակարգերով կարելի է վերահսկել, այսինքն, օդ բարձրացող յուրաքանչյուր ինքնաթիռ կարող են խփել: Դա նշանակում է, որ Ռուսաստանը Սիրիայից հեռանալու մտադրություն չունի և ապահովում է թիկունքը»,-եզրափակեց թուրքագետը: