Ուզո՞ւմ ենք լավ սոցիալական պետություն, ուրեմն պետք է բացառենք բիզնեսի ներկայությունն իշխանական համակարգում


13:20 , 5 դեկտեմբեր, 2015

Մի քանի անգամ լսել եմ տարբեր մարդկանցից, որ իրականում շատ լավ բան է, երբ բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են քաղաքականությունում ու իշխանությունում, որովհետև, վիձիծե լի, իրանք արդեն փողի համը տեսել են ու ոչ թե թալանելու մասին են մտածում, այլ հայ-հայ ա՝ ազգի բարօրության։

Մարդի՛կ, չկա տենց բան ու չի էլ կարող լինել։ Առավել ևս՝ Հայաստանի պայմաններում։ Բիզնեսմենն (կարդա կապիտալիստը) ունի մի առանձնահատկություն, որը բացառում է նրա՝ լավ իշխանավոր լինելը. բիզնեսմենը չի հասկանում «հերիք է» բառն ու միշտ մտածում է կարողությունը մեծացնելու մասին, որովհետև այդպիսին է կապիտալիզմի տրամաբանությունը։ Իշխանությունն էլ բիզնեսմենի համար հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ իրեն լծակներ է տալիս սեփական կապիտալն ապահովագրելու ու բազմապատկելու համար։ Ուրիշ ոչ մի շարժիչ ուժ գոյություն չունի նրանց համար (կարող են բացառություններ էլ լինել, բայց ես չեմ հավատում նման բացառությունների)։
Քանի դեռ Հայաստանում բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, քաղաքական համակարգը հա էլ սպասարկելու է առաջին հերթին այդ բիզնեսի շահերը, որովհետև ինչքան խորն է սերտաճածության աստիճանը, այնքան ավելի մեծ է դրանց փոխադարձ կախվածությունը միմյանցից. իշխանությունը հենվում է բիզնեսի վրա, որպեսզի ավելի կայուն դիրքեր ունենա ընտրություններում, իսկ բիզնեսը հիմնվում է իշխանության վրա ու սատարում է դրան, որպեսզի լուծի իր խնդիրները շուկայում։

Ուզո՞ւմ ենք լավ սոցիալական պետություն, ուրեմն պետք է բացառենք բիզնեսի ներկայությունն իշխանական համակարգում։