Հայտնիները՝ «Քարե դարդ»-ի փակ դիտմանը, և թե ինչու Վաչեն հայտնվեց քարե դարում


15:15 , 5 դեկտեմբեր, 2015

Ի՞նչ կլինի, եթե Ձեր պատքերի պատճառով հայտնվեք քարե դարում: Գիտեմ, կասեք, որ հնարավոր չէ այդպես, բայց ATV հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմը դիտելուց հետո կհամոզվեք, որ լավ էլ հնարավոր է: Օրինակ՝ Վաչեն ժամանակի մեքենայի շնորհիվ պատահաբար հայտնվում է քարե դարում, որտեղ էլ սկսվում են նրա արկածները:

«Yerevan Mall»-ի Կինո պուրակում կայացավ «Քարե դարդ» սիթքոմի առաջին սերիայի փակ դիտումը, որին ներկա էին ինչպես ամբողջ ստեղծագործական կազմը, այնպես էլ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Մինչև դիտումը դերասաններ Վաչե Թովմասյանը, Արմուշը, Անատի Սաքանյանը, Աննա Մանուչարյանը, Հակոբ Հակոբյանը և ռեժիսոր Վարդան Հակոբյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: BlogNews.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է միջոցառման հետաքրքիր պահերը:

«Մենք շատ երկար ենք պատրաստվել այս սիթքոմին, սցենարը գրող խումբը շատ երկար ուսումնասիրություններ է արել, որպեսզի լավագույնս կարողանանք ներկայացնել սիթքոմը,-ասաց Վաչե Թովմասյանը,- որպես «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր՝ ուզում եմ նշել, որ դա լիովին նոր ֆորմատ է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում: Հաշվի ենք առել և՛ սցենարական, և՛ ռեժիսորական, և՛ գրաֆիկական կողմը: Հեռուստադիտողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես են մարդիկ ապրում դինոզավրերի հետ և այդքան ազատ խոսում հայերեն, պատասխանեմ, որ սիթքոմն ազատ ֆորմատ է, և կարելի է այդպիսի փոփոխություն անել, որպեսզի հումորը լինի առաջին տեղում»։ Վաչեն շնորհակալություն հայտնեց Սարգիս Մնոյանին, ում պատկանում է նախագծի մտահղացումը, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են նախագծի ստեղծման վրա: 

«Ասեմ, որ նախագիծը մեր համար շատ հաջողված է, շատ անսպասելի զարգացումներ ունի,-շարունակեց Արմուշը,- արդեն ծիծաղելի է, երբ 21-րդ դարի մարդը հայտնվում է քարե դարում, բնականաբար այնտեղի մարդիկ էլ 21-րդ դարից տեղյակ չեն: Թեման շատ լայն է, և մեր սցենարիստներն էլ կարող են ընդլայնվել: Դերասանական կազմը պատահական է ընտրվել, ավելի ճիշտ՝ երբ գրվել է սցենարը, արդեն պատկերացրել ենք, թե ով կարող է խաղալ»: Արմուշը, ով սիթքոմում մարմնավորում է Գոգոյին, խոստովանեց, որ թեև նկարահանումները տեխնիկապես մի քիչ տարբերվում են կինոնկարահանումից, բայց իրենք ամեն ինչ անում են, որ որակ ապահովեն հեռուստադիտողի համար։
Դերասանուհի Անատի Սաքանյանը, ով նույնպես իր դերակատարումն ունի այս սիթքոմում, նշում է, որ նկարահանումները բավականին հետաքրքիր են անցնում. «Այնքան լավ է անցնում ամեն ինչ, որ չես ուզում տուն գնալ»:

Ուշագրավ է, որ նկարահանումների համար կառուցվել է հատուկ տաղավար, իսկ գրաֆիկական լուծումներն ավելի շատ ֆիլմ են հիշեցնում։ Ռեժիսոր Վարդան Հակոբյանն ընդգծում է, որ իրենք բոլորն էլ գիտակցում են, որ եթե չլինեն լավ դերասաններ, ամեն բան հօդս կցնդի. «Ինձ հաճելի է այս խմբի հետ աշխատել: Մենք ֆիլմ նկարահանելուն հավասար մոտեցում ենք ցույց տալիս, չենք սիրում ասել սիթքոմ: Մի մասը նկարահանում ենք տաղավարում, մնացածը՝ ինկրուստացիոն ֆոնի վրա, դա համարձակ էքսպերիմենտ է, և խնդրում եմ մի քիչ ըմբռնումով մոտենալ առաջին սերիային: Ստացել ենք այնպիսի արդյունք, որն այսօր հետաքրքիր է և գնալով ավելի կհետաքրքրանա»։

Սիթքոմի դերասանուհիներից Աննա Մանուչարյանն էլ նշեց, որ դժվար է այսօր հեռուստադիտողին նոր բանով զարմացնել, քանի որ նախագծերը բավականին շատ են. «Մեր տղաներին հաջողվել է անել դա, հետաքրքիրն այն է, որ հենց ժամանակակից մարդու և քարե դարի մարդու մտածողությունների և աշխարհընկալման բախումն է այստեղ: Շատ հետաքրքիր և արկածային տեսարաններ են սպասվում»: 
Երբ Արմուշը խոսում էր սիթքոմի կերպարների մասին, խոստովանեց, որ չնայած իր կերպարն ունի, բայց ավելի շատ հավանում է Հակոբի կերպարը, քանի որ նա քիչ խոսք ունի, բայց խոսուն է. «Մենք երբեմն նախանձում ենք, որ նա գալիս է, նրա պահը նկարահանվում է, իսկ մենք մինչ ուշ գիշեր մնում ենք։ Սիրում եմ նրա կերպարը նաև այն բանի համար, որ այդքան համով է: Ի դեպ, Հակոբի համար այս դերը նորություն է»: Ինչ վերաբերում է իրեն՝ Հակոբին, ապա նա ասաց, որ իրականում սովոր է շատ խոսելուն, քանի որ իր մասնագիտությունն է այդպիսին, բայց այս սիթքոմում ավելի քիչ է խոսում և ավելի շատ ձախողվում է. «Մենք մեծ հույս ունենք, որ մեզ կսիրեն, կսիրեն մեր կերպարները։ Այո՛, հեռուստադիտողը մեզ պետք է նայի և հետևի, քանի որ այստեղ են իրենց սիրելի դերասանները, քանի որ մենք փորձելու ենք մարդկանց ծիծաղ փոխանցել»: 

Հեռուստադիտողների համար նշենք, որ առաջին սերիաները եթերում կլինեն դեկտեմբերի 8-ին և 10-ին՝ ժամը 21:30-ին, իսկ հունվար-փետրվար ամիսներին ստեղծագործական կազմը շարունակելու է մնալ հեռուստաէկրաններին նոր սերիաներով: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի