Թանկացել են տոնածառի խաղալիքներն ու ամանորյա զարդարանքի մի շարք պարագաներ


22:32 , 4 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Արդեն 5 օր է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը նախաամանորյա ուսումնասիրություններ է սկսել պարենային և ոչ պարենային շուկայում: Tert.am-ի հետ զրույցում ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տասն օրից կհրապարակեն ուսումնասիրությունների արդյունքները, սակայն մինչ այդ նշեց, որ արդեն իսկ նկատել են գների էական փոփոխություն դեկորատիվ ապրանքների շուկայում:

«Թանկացել են ժապավենները, թափանցիկ կտորները, այսինքն՝ այն ամենը ինչով Ամանորին կարելի է զարդարել տունն ու սեղանը: Նախորդ տարվա համեմատ թանկացել են նաև տոնածառի խաղալիքները, օրինակ` եթե նախորդ տարի միջին չափի կլոր խաղալիքներ կարելի էր գնել 280 դրամով, հիմա դրանք դարձել են 350 դրամ»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է տոնածառներին, ապա Բաբկեն Պիպոյանը նշեց` քանի որ շուկայում չկան բրենդային տոնածառեր դժվար է համեմատել մեկը մյուսի հետ ու հստակ որոշել՝ ապրանքը թանկացել է, թե՝ ոչ:
 
«Բայց եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ ամեն տարի շուկայում ոչ բրենդային տոնածառեր են, ապա կարող ենք ասել, որ գները հիմնականում պահպանվում են՝ գները տատանվում են 25 հազ. դրամից մինչև 200 հազ. դրամի սահմաններում»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Հայաստանում տոնական ակտիվ առևտուրը սկսվում է դեկտեմբերի 13-ից 20-ը, իսկ հետո՝ 25-ից 30-ը, ըստ նրա, հենց այս ժամանակահատվածում են կատարվում հիմնական խախտումները՝ գների արհեստական բարձրացումները, որակի անհամապատասխանությունը, պիտանելիության ժամկետների խախտումները:

«Հենց այդ պատճառով է, որ դեռևս ահազանգեր չեն լինում, չնայած որ դա էլ չի նշանակում, որ խախտումներ չկան: Միաժամանակ դժվար է այս տարվա գները համեմատել նախորդ տարվա գների հետ, քանի որ 2014թ-ի դեկտեմբերին տեղի ունեցան փոխարժեքի էական տատանումները, ինչն իր հերթին ևս ազդեց ապրանքների գների վրա: Հիմա մենք մանրամասն հաշվարկներ պետք է անենք այս գործոնը ևս հաշվի առնելով»,- ասաց նա:
 
Հարցին, թե  ուսումնասիրում են ամանորյա զեղչերը՝ պարզելու դրանք իրական են, թե ոչ, Բաբկեն Պիպոյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ այս հարցում նախորդ երեք տարիների համեմատ կա առաջընթաց:

«Հիմա եթե նկատել եք, հիմնականում օգտագործվում է «մինչև» բառը, օրինակ՝ «մինչև 50% զեղչ», ինչը նշանակում է, որ ոչ բոլոր ապրանքներն են զեղչված և ոչ բոլորը 50%-ով»,- ասաց նա: