Ադրբեջանն ընկել է թուրքական բարուրի թակարդը


22:52 , 4 դեկտեմբեր, 2015
Թուրքիայի՝ Ադրբեջանին օգնելու ցանկությունը զգալիորեն մոտ կլինի իրականացմանը, եթե Թուրքիան իր մեջ կարողություն գտնի հանգիստ թողնել Ադրբեջանին, թողնի, որ այդ նորաստեղծ երկիրն ու նորաստեղծ ժողովուրդը կայանա առանց թուրքական ճնշիչ հոգատարության: Ադրբեջան երկիրն ու ադրբեջանցի ժողովուրդը պետք է սեփական փորձառություն կուտակեն, ինքնուրույն հասկանան իրենց համակրանքների ու հակակրանքների պատճառներն ու հետևանքները, ինքնուրույն փնտրեն իրենց ինքնության կայացման ընթացքը: ԽՍՀՄ ճնշիչ «հոգատարության» հետևանքով ինքնուրույն որոշումներից ազատված Ադրբեջանն ընկել է թուրքական բարուրի թակարդը և «մեկ ազգ-երկու պետություն» թելադրանքի տակ ադրբեջանցի-թուրք-թաթար-մահմեդական-շիա-սուննի-կովկասալեզու-թրքալեզու-իրանալեզու աղվանական-իրանական-թուրքական ծագումնաբանական խմբերում խմորվող, երբեմն միմյանց հակասող ինքնություններով մեծ ու փոքր խմբերին էթնոգոյացման մեկ ընդհանուր հայտարարելի բերելու դժվարին գործում հիմնական ուղղորդողը դարձել է Թուրքիան: Մեր ժամանակներին բնորոշ ժամանակի վազքը միջնադարյան չէ, շա՜տ արագ է, և վաղը շփոթահար Ադրբեջանը, որտեղ դեռ էթնոգոյացման հիմնական ակունքների շուրջ վերջնական համաձայնություն չկա, և կշեռքի նժարները շարունակում են երեքը մնալ՝ իրանական, թուրքական, կովկասյան, փնտրելու է նոր ինքնության փաստարկները՝ հնարավոր է՝ նաև թուրքականին հակադրելու համար: Թուրքիան Ադրբեջանի համար պետք է օրինակ լինի. հարյուր տարի քեմալիզմը կոփեց թուրքական հասարակության թրքությունը և զգալի հաջողության հասավ. այսօր այդ երկրի բնակչության մոտ կեսն ինքն իրեն թուրք է անվանում: Հարյուր տարի ունի՞ Ադրբեջանն այդ արդյունքին հասնելու համար: Եվ հարց է՝ ո՞ր արդյունքին՝ «թուրքակա՞ն», թե՞ «ադրբեջանական», և արդյո՞ք ստիպված չի լինելու «թրքականից» ազատվելու պատմա-մշակութային և քաղաքական գործընթաց սկսել: