Զինվորի մահվան լուրը հաղորդելիս զերծ մնացեք սենտիմենտալությունից ու մազոխիզմից


13:25 , 4 դեկտեմբեր, 2015
Սահմանի վրա կանգնած յուրաքանչյուր զինվոր իմ եղբայրն է, ու նրանցից յուրաքանչյուրն այս պահին ավելի կարևոր գործ է անում, քան ես։ Ես մեծ ցավ եմ ապրում, երբ իմ այդ եղբայրներից մեկին սպանում է կամ էլ վիրավորում է հակառակորդի գնդակը, և մեծ ուրախություն, երբ առանց զոհերի են կարողանում հետ մղել հակառակորդի առաջխաղացումը։ Բայց մի այսպիսի հարց եմ ուզում տալ, որն ավելի շատ ուղղված է լրագրողներին. եթե սահմանում հերթական մարտից հետո մենք կորուստ ենք ունենում, ի՞նչ անպայման ա գրել՝ «Նրան մնացել էր ծառայելու X օր» կամ էլ «Նա պետք է X օրից զորացրվեր»...
Ինչի՞ համար է այդ սենտիմենտալությունը, չէ՞ որ դա ՈՉ ՄԻ դրական էֆեկտ էլ չէ, նպատակահարմարություն էլ չունի։ Եթե խոսում ենք լուրը մատուցելու մասին, ապա զինվորի զոհվելու տխուր փաստն է լուրը, սահմանի վրա տեղ գտած հերթական բախումն է լուրը, բայց ոչ այն, թե ինչքան էր մնացել զորացրվելուն։ Թե՞ մտածում եք, որ եթե ոչ թե 5 օր մնացած լիներ, այլ, ասենք, 105՝ զինվորի կյանքն ավելի փոքր արժեք կունենար։
Մյուս կողմից, սա ուղղակիորեն մտխլում է մարդկանց հոգեբանությունը և առանց այն էլ տխուր փաստն ավելի տխուր դարձնում։ Հետևեք մեկնաբանություններին ու կտեսնեք, որ շատ օգտատերեր (առավելապես կանայք ու աղջիկներ) ֆիքսվում են հենց այդ փաստի վրա ու սկսում են առանց հասկանալու մեղադրանքներ հնչեցնել, կամ էլ, եթե անգամ չեն հնչեցնում, ավելի ծանր բարոյահոգեբանական դրության մեջ են հայտնվում։
Այլ կերպ ասած՝ նման սենտիմենտներ մտցնելով լրամատուցման մեջ՝ հասնում ենք նրան, որ հարվածում ենք մեր իսկ հասարակության բարոյահոգեբանական վիճակին։ Վստահ եմ, որ 99 տոկոսում դա գիտակցված չի արվում, բայց փաստը կա, և հակափաստարկ չկա ու չի էլ կարող լինել, թե որն է նման մազոխիզմի նպատակահարմարությունը։ Եկեք զերծ մնանք նման բաներից, կոլեգաներ ջան։