12:24 , 4 դեկտեմբեր, 2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների
հայտարարությունը հավասարակշռված էր՝ իրենց ոճով, ամենակարևորն այն է, որ իրենք հիմնական շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը՝ այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Սա իրատեսական մոտեցում է, թեպետ այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի գործում: Այն, որ իրենք այսօր նորից խախտել են զինադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սա Ադրբեջանի պատասխանն է նույնիսկ այդպիսի հայտարարությունը, այն էլ՝ Թուրքիայի հետ մեկտեղ»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ այսպիսի ագրեսիվ քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճն է:
«Նրանք այդ հայտարարությունից հետո դիմել են նման գործողության»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ արտգործնախարարների հայտարարությունն ապտակ էր Ադրբեջանին, Դավիթ Բաբայանն ասաց. «Երբ որ կոչ է արվում իրավիճակը չսրել, բնական է, որ սա Ադրբեջանին է ուղղված, բայց պատասխանն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն որևէ քաղաքական արձագանք չտվեց, այլ հակառակը՝ արձագանքեց խախտելով զինադադարի ռեժիմը ևս մեկ անգամ»: