Հիմա կամ երբեք. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց օգտվել պատեհությունից և ունենալ ավելի լավ Հայաստան


18:19 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ողջունեց գործընկեր կուսակցություններին ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին: Նա ընդգծեց, որ այսօր կարիք կա, որ բոլոր նախաձեռնություններն ու կուսակցությունները ի մի գան ու հենց այս տարի լուծեն հարցը:
 
«Եթե մենք մտանք հերթական ընտրությունների շրջան, եթե թույլ տվեցինք, որ շարունակեն իրենց այս հաղթարշավը, ոչ մեկը իրավունք պիտի չունենա ասել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, հիմա կամ երբեք»,-ասաց նա:
 
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօրվա պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, որքան ազգային շահը վերադարձնելու:
 
«Այստեղ չկա կուսակցական դրոշ, չկան անձնական շահեր: Ժողովուրդը ուժեղ է, եթե միասին է, ու այդ դեպքում քսան տարվա մեջ առաջին անգամ կունենան ժողովրդի վստահությունը վայելող ու հաշվետու իշխանություն: Բոլորին հրավիրում ենք օգտվել այս պատեհությունից և ունենալ ավելի լավ Հայաստան»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց հավաքվածներին՝ «Պատրա՞ստ եք քաղաքացիական հեղափոխության»: «Այո՜»-գոչեցին ի պատասխան: