16:22 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ դպրոցում «այո»-ի քարոզարշավ չի իրականացվում: Այնուամենայնիվ, նա նշեց, որ եղել է մեկ հաստատված ահազանգ` Գառնու ավագ դպրոցում:
«Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստացել է խիստ նկատողություն, ինչո՞ւ գործից չեմ հանել, շատ պարզ պատճառով`նա, միևնույն է, գործից դուրս է գալու, ժամանակավոր պաշտոնակատար է, չի կարող տնօրեն լինել՝ տարիքի հետ կապված, ուստի այդ մեկ ահազանգն է եղել, մնացածը` կերուխումը և այլն, որևէ կրթական գործառույթի տակ չէ, որ ես մեկնաբանեմ»,-ասաց նա:
Ապա, անդրադառնալով ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ դպրոցներում, քարոզչության շրջանակներում տարբեր հանդիպումներին, Արմեն Աշոտյանը նկատեց. «Կան բազմաթիվ դպրոցներ, որոնց տարածքում ԿԸՀ-ի կողմից թույլատրված է անցկացնել հավաքներ, որովհետև համայնքի միակ, քիչ թե շատ հարմարավետ դահլիճ ունեցող հաստատություններն են»,-ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հետևել «ոչ»-ի խախտումներին. «Որևէ մեկդ արձագանքե՞լ է, որ «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները դպրոցներում փորձել են քարոզարշավ իրականացնել, դատապարտե՞լ եք»: