Ֆորումներում քննարկվել են՝ թուրքական ապրանքները՝ որպես ադրբեջանական, ՌԴ արտահանելու հեռանկարները. Բ.Պիպոյան


15:46 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուս-թուրքական հարաբերությունների լարումը ստեղծում է տնտեսական առումով նոր իրավիճակ: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Ադրբեջանական ֆորումներում տնտեսական վերլուծաբանները քննարկում էին, որպեսզի թուրքական ապրանքները՝ որպես ադրբեջանական ապրանքներ, ռուսական շուկա արտահանելու հեռանկարների մասին:  Այն արագ արձագանք գտավ, ինչը մեր սուբյեկտիվ կարծիքով պետական մարմինների կողմից ուղղորդվող էր, որպեսզի  նման հարցերը բարձրաձայն չքննարկվեն»,-հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը:

Նա նշեց, որ սանկցիաների կիրառումը կամա, թե ակամա անդրադառնում է հարևան պետություններին վրա:  Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ մինչ այս  Թուրքիան փորձել է իր ապրանքները՝ մասնավորապես լոլիկը,  ռուսական շուկա ներմուծել ԵՏՄ անդամ Բելառուսի միջոցով, որն իր մոտ չստացվեց, քանի որ ռուսական կողմն արգելեց:

«Այս պարագայում մենք պետք  է հասկանանք, որ Հայաստանը ևս հայտնվում է դժվար իրավիճակում, որովհետև այստեղ Ադրբեջանն իր այդ քայլով առավելագույնը, որին կարող է հասնել, դա բացառապես սեփական արտադրանքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն սևեռելն է: Կամա, թե ակամա, դա ունենալու է իր հետևանքը, և շատ կարևոր է՝  հայկական կողմի՝ այս իրավիճակից մաքսիմալ օգուտ քաղելը և ռուսական կողմի մոտ մշտապես վստահելի  պարտնյորի կարգավիճակի պահպանումը»,-ասաց նա:

Պիպոյանը նշեց նաև, որ հայկական կողմը պետք է բավական ինտենսիվ լինի, նախաձեռնողական քաղաքականություն վարի՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունները: «Հակառակ պարագայում, միշտ մնացած կողմերը փորձելու են գաղտագողի ճանապարհներ գտնել ապրանքը Ռուսաստանի շուկա հասցնելու համար»,-եզրափակեց նա: