13:32 , 3 դեկտեմբեր, 2015
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադրին ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել բարոյական վնասի հատուցման ինստիտուտը։
Նախարարի խոսքով, եթե նախկինում այս հարցը կանոնակարգվում էր միայն կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության իրավունքի շրջանակներում, ապա, այժմ առաջարկում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ազատության իրավունքներով ամրագրել։
«Այսպիսով կարող ենք փաստել, որ այս նախագծի ընդունմամբ բարոյական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի մեր երկրում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ առաջարկում են նաև որոշ փոփոխություններ հատուցման չափի հետ կապված:
Նախագծի հետ կապված խոսեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ այս նախագիծը շատ կարևոր է։
«Մեր քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասը պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն»,-ասաց վարչապետը: