Ժիրայր Սեֆիլյանն ընդունել է հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին


12:32 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Երեկ՝ 2015թ դեկտեմբերի 2-ին, Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը շտաբի գրասենյակում ընդունել է  հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Այս մասին հաղորդում է Հիմնադիր խորհրդարանի ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:
 
Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրություն, ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության մեխանիզմի, իսկ կուսակցությունների մեծ մասը գտնվում են ռեժիմի վերահսկողության ներքո, ուստի Հայաստանում հնարավոր չէ դասական մեթոդներով զբաղվել քաղաքական գործունեությամբ և արդյունքի հասնել ընտրությունների կամ հանրաքվեների միջոցով:

Նա նաև ներկայացրել է, որ «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական գործունեության արդյունքները, նշելով, որ այն հիմնականում միտված է եղել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով հանցավոր ռեժիմին հեռացնելու և նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կասեցնելու նպատակին: Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է նաև  այդ նպատակին հասնելու ուղղությամբ «Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ»-ի շտաբի սերտ համագործակցությունը՝ նշելով, որ որոշակի պահից սկսած նրանք կարող են հանդես գալ միասնական մարտավարությամբ: