Ձեռնպահ մնացեք ոստիկանությանը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից


10:28 , 3 դեկտեմբեր, 2015
Ազատության հրապարակի միջոցառման կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրում են, թե նախօրեի երթի ժամանակ ոստիկանները պաշտպանել են Հանրապետական կուսակցության գրասենյակը: Ստիպված ենք հիշեցնել. ոստիկանությունն ապաքաղաքական ու վերկուսակցակական կառույց է, որի գործառույթն է օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգը, պահպանել քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանել մասնավոր և հանրային կառույցների անձեռմխելիությունը, այդ թվում և՝ կուսակցությունների շինություններն ու գույքը: Հիշեցնենք, որ իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ նույն ոստիկանությունը ժամանակին ապահովել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա բնակության վայրի և կուսակցական գրասենյակի անվտանգությունը: Կրկին հորդորում ենք լինել ազնիվ ու անաչառ և ձեռնպահ մնալ ոստիկանությանը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից ու անհիմն մեղադրանքներից: