Ռուս-թուրքական հարաբերություններն ուղիղ անդրադարձ չեն ունենա ղարաբաղյան հիմնահարցի վրա. Արտակ Զաքարյան


17:02 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուս-թուրքական տաք բախումը մեծ ռիսկ է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ ամբողջ աշխարհի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Թե ինչպիսի՞ն կլինեն այս լարված հարաբերությունների ածանցյալ էֆեկտները, արդյո՞ք դրանք կազդեն՝ Ղարաբաղյան հիմնահարցի վրա, Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե չի կարծում, որ դա ուղիղ անդրադարձ կունենա ղարաբաղյան հիմնահարցին։

«Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոփոխություն չեմ կարծում, թե լինի: Իրավիճակի փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ, որ բանակցություններից պատերազմական իրավիճակի անցում չի լինի, որովհետև դա հնարավոր կլինի միայն մի դեպքում, երբ կրտսեր Ալիևը փորձի իր և իր ժողովրդի ճակատագիրը՝ որպես վերջին շանս, որը, իհարկե, տարածաշրջանը կընկղմի ավելի մեծ պրոբլեմի մեջ»,- շեշտեց Արտակ Զաքարյանը: 
 
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով դիվանագիտական ամենաաննախանձելի վիճակը Ադրբեջանինն է:
 
Ըստ նրա՝ Ադրբեջանը երկու կրակի արանքն է ընկել ու բարդ է պատկերացնել՝ ո՞նց են դուրս գալու այս իրավիճակից ադրբեջանցիները: Արզումանյանը նկատեց, որ Հայաստանի իրավիճակն այս առումով ավելի պարզ է՝ Թուրքիան մեզ ձեռք չի մեկնում, օգնում է մեզ հետ պատերազմող երկրին, փակել է սահմանները: Ինչ վերաբերում է կարծիքներին, որ հնարավոր է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձի լուծել հարցը՝ հարվածները հասցնելով Ղարաբաղի կողմը, ապա Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց այսպես. «Будь моим гостем, եթե Թուրքիան փորձի սրել իրավիճակը, կարող է հարցն ավելի արագ լուծումներ գտնել»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների շրջանակներում թույլ չի տալիս թուրքական որոշ ապրանքների մուտքը իր շուկա, ինչը ազդելու է նաև ՀՀ վրա: «Նախ, մենք ընկանք այս սանկցիաների տակ՝ միանալով ԵՏՄ-ին, ոսկե սարերը, որ մեզ խոստանում էին, տեսաք՝ ինչ արդյունքներ տվեցին, հիմա էլ հիմա: Ցանկացած բան, որը ներմուծվում էր Ռուսաստան ու այլևս չի ներմուծվելու, էլ Հայաստան էլ չի գա, որովհետև մեր ստրատեգիական պարտնյորը թույլ չի տա»,- շեշտեց Արզումանյանը՝ հիշեցնելով, որ եթե սամբիստներն են հրավիրվել Ստամբուլ, այս հարցում էլ կկապկենք:

Արտակ Զաքարյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵՏՄ-ին, սանկցիաները մինույնն է ազդելու էին մեզ վրա: «Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն իր սկզբունքներից հետ չի կանգնում ու, ինչ-որ տեղ համառորեն, շարունակում է բազմավեկտոր մոտեցումները կյանքի կոչել»,- շեշտեց նա: