16:12 , 2 դեկտեմբեր, 2015
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությանն անդամակցում են մարգինալ քաղաքական ուժեր, որոնք չունեն գործողությունների հստակ ծրագիր և ռազմավարություն:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ դեկտեմբերի 1-ին կայացած հանրահավաքը ցույց տվեց, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը չունի հստակ ծրագիր և ռազմավարություն:
«Ես ուղիղ եթերով հետևում էի, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք չունեն ծրագիր, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Րաֆֆին հենց բարձրախոս էր տեսնում, վազում սկսում էր խոսել, Ժիրայրն էլ լրիվ այլ բաներ էր խոսում: Հանրահավաքը ցույց տվեց, որ այնտեղ հավաքված են մարգինալ ուժեր: Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, այլ ընդամենը փաստն եմ արձանագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շարմազանովը` հավելելով, որ նրանց գործողություններում որևէ վտանգ չի տեսնում, եթե քաղաքական գործընթացները քաղաքակիրթ ընթացք ունենան:
ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ կոչ է արել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չդիտարկել իշխանություն-ընդդիմություն առճակատման համատեքստում
«Ես հիմա բոլորի համար ասում եմ` եթե նույնիսկ «այո»-ն չանցնի, Սերժ Սարգսյանը մինչև 2018թ. պաշտոնավարելու է իր ողջ լիազորություններով, եթե «այո»-ն չանցնի, Ազգային ժողովը և նրա մեծամասնությունը պաշտոնավարելու է մինչև 2017թ. իր ողջ լիազորություններով, ուստի խնդրում եմ մարդկանց թյուրիմացության մեջ չգցել»,– ասել է նա:
«Իսկ եթե Հայաստանում որևէ մեկը ցանկանում է իշխանության հասնել, դրա համար կա ընդունված ժողովրդավարական մեթոդներ՝ ընտրություններ: Թող գան, մասնակցեն, հաղթեն, և եթե այդ հաղթանակը լինի ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված հաղթանակ, ես կշնորհավորեմ, աթոռս կտամ, մի հատ էլ փափուկ բարձ կտամ, որ գան նիստերը վրան: Ի՞նչն է խնդիրը, պարզապես ամեն ինչ պետք է լինի ժողովրդավարական ճանապարհով»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև ասել է, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը բազմամարդ չէր, որքան էլ որ հանրահավաքի կազմակերպիչները ցանկացել են այլ կերպ ներկայացնել: