15:06 , 2 դեկտեմբեր, 2015
Սահմանադրության ընդունումը մահու-կենաց պայքար չէ, դա վերաբերում է բոլորին՝ կընդունվի՞, լավ, չի՞ ընդունվի, կյանքը դրանով չի վերջանում։ Պարզապես որոշ մարդիկ դա օգտագործում են իրենց կրքերը իրացնելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ «ոչ»-երը գերակշռում են, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե շատ կլինեն՝ կասենք ոչ:
«Որևէ բան չի տապալվելու, սա անձերի խնդիր չէ, կառավարման մոդել է, մի ձևից մյուսին անցնելը, սրա տապալելը ո՞րն է։ Մենք ասում ենք, որ սա հնարավորություն է»,-ասաց նա:
Հարցին, թե չի՞ կարծում, որ ՀՀԿ-ի քարոզարշավը պասիվ է, ԱԺ նախագահը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում, որ սա ՀՀԿ-ի բեռն էր, սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որ տարիներ շարունակ աշխատում էին, որ գործի այս մոդելը, պարզապես ՀՀԿ-ն միացավ այդ գործընթացին: Այնպես որ չեմ կարծում, որ սա կյանքի ու մահու խնդիր է, որ ասենք՝ ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին, ո՞ր ռեժիմին, ի՞նչ ռեժիմին՝ անհայտ է»:
Իսկ ընդհանուր առմամբ Գալուստ Սահակյանը գոհ է. «Շատ լավ էր, որ հակառակ կողմերը միասին ժողովրդի մեջ էին, այստեղ տրամաբանորեն չես կարող դիտարկել՝ մրցակցություն էր և ով հաղթեց, քաղաքական մշակույթ է ձևավորվում, և ես սա դրական եմ համարում»: