Արագոնի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ


13:46 , 2 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Այսօր Արագոնի խորհրդարանը ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից և մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում:

Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցել ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է արել թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը՝ ընդունել այս պատմական իրողությունը: Այս մասին հայտնում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից:

Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողությունները ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:

Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ  հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ