Ցավոք, արդարացան բոլոր ամենավատ կանխատեսումները ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ. Արմեն Աշոտյան


12:20 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
- Պարո՛ն Աշոտյան, երեկ Ձեր փոխհրաձգությունը ՄԻՊ-ի հետ մի տեսակ անավարտ մնաց: Ձեր դիտողություններին ՄԻՊ-ի արձագանքը տարակուսելի չթվա՞ց Ձեզ:
 
- Պատկերացնում եմ, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում դեռ աշխատող մարդն ինչ սրտատրոփ է սպասել երեկ իր տարածած հաղորդագրության արձագանքին: Ինչու եմ հապաղե՞լ: Որովհետև երեկ շատ ավելի կարևոր գործեր ունեի օրվա ընթացքում, քան իր պաշտոնին ամբողջական անհամապատասխանությունը հերթական անգամ մերկացրած, ինքնահավան և չկայացած անձնավորությանն արձագանքելը: Բայց թող հույս չունենա, թե երբևէ անպատասխան կմնա:

Իր բարոյական նկարագրի մասին է խոսում փաստը, որ նա նախ հավանում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Օմբուդսմենի պատին  իր իսկ գրած հիմարությունը, իսկ րոպեներ անց՝ մտափոխվում: Անկայուն նկարագրով, հասարակության մեջ և քաղաքական շրջանակներում այդպես էլ որևէ սեփական հեղինակություն չվայելած մարդու գործունեության մասին կարելի է միայն ափսոսալ: Քանզի նման կարևոր ինստիտուտ, ինչպիսին ՄԻՊ-ն է, վստահաբար պետք է մարմնավորի ավելի բանիմաց, իր պատկանելությունը և սրբազան պարտականությունները գիտակցող և անհողդողդ կերպարով մարդ: Ցավում եմ, բայց կյանքը ցույց տվեց, որ ՄԻՊ առաջին ղեկավար Լարիսա Ալավերդյանն իրականում ավելի տղամարդկային և սկզբունքային կերպար էր՝ առանց դոնդողանման տվայտանքների:

Մի խոսքով, ցավոք, արդարացան բոլոր ամենավատ կանխատեսումները ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ: