21:39 , 1 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի ճակատագիրն ու ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետևողների, բռնի ուժով այս հանրահավաքից հետ պահված քաղաքացիներինն է, որոնք մի քանի ժամից միանալու են մեզ, և դառնալու միացյալ հրապարակ, որում լինելու է հնից նորը: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը` վկայակոչելով տարբեր պաշտոնյաների ու ժողովրդին չներկայացնող «տղերքի» իր՝ գնահատմամբ ջղաձգումները: Այս հայտարարությունը ընդունվեց բուռն ծափերով:
«Պատերազմ են հայտարարել սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ, և մենք թույլ չենք տալու, որ իրենք իրենց այս կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը: Կորչի Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,–հայտարարեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ հավատամքը, հույսը, սերը և հայրենիքը մեկն է և ամբողջական, իր անունը հավերժ է, պայքարը՝ հաղթանակ՝ Հայաստան. «Այսօր ճամփա ենք ընկնում, որը բերելու է ազատ, անկախ Հայաստան և որը կարող է լինել զոհողության ճանապարհ»։ Սակայն, ըստ նրա, դա կլինի «հաղթանակի, հարության և Հայաստանի Հանրապետության ճանապարհ»` առանց արյան»:
«Ոստիկաններ, ոստիկանապետեր և ուրիշներ, արյան աղբյուրները ուրիշ տեղ փնտրեք և սանձեք, որովհետև դուք եք պատասխանատվություն կրելու հայ մարդու թեկուզ մեկ կաթիլ արյան համար: Էս ի՞նչ վախ է, վախկոտություն, կեղծիքի, ստի մեջ թաթախված իշխանիկներ»,-դիմելով իշխանության տարբեր թևերին՝ հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիմելով ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հիշեցրեց, որ իրենց պարտքն է ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը, ուրիշ ոչինչ, նաև, որ չկատարեն «անիրավ հրաման»: