Առողջապահության փոխնախարարը ստուգվեց ՄԻԱՎ-ի դեմ


15:14 , 1 դեկտեմբեր, 2015

Առողջապահության փոխնախարարը ստուգվեց ՄԻԱՎ-ի դեմAravot.am-ը գրում է.

Այսօր առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բակում կայանված շարժական լաբորատորիայում ՄԻԱՎ-ի դեմ արյան հետազոտություն անցավ:

Նախքան հետազոտվելը Վահան Պողոսյանը կենտրոնի մասնագետի մոտ խորհրդատվություն անցավ` ինչ է ՄԻԱՎ-ը, վարակվելուց որքան ժամանակ անց է ի հայտ գալիս, որոնք են ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները եւ այլն: Մատից արյուն վերցնելուց 20 րոպե անց առողջապահության փոխնախարարը փակ ծրարով ստացավ պատասխանը, որը նրան տրամադրեց խորհրդատուն: Նաեւ հետազոտվեցին մի խումբ լրագրողներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով: Այս տարի մեր երկրում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք, անցյալ տարվա 334-ի փոխարեն: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցյալ տարվա բարձր ցուցանիշը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ասաց, որ վերջին 4 տարիներին գրանցվել են ՄԻԱՎ վարակի ավելի շատ դեպքեր, ինչը պայմանավորված էր լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ մեր հայրենակիցների հետհոսքով, որոնք ՌԴ-ից արդեն ախտորոշված վերադարձել են:

«Կարող ենք փաստել, որ վերջին 2-3 տարիներին 59 տոկոսն այն դեպքերն են, որոնք մարդիկ, արտագնա աշխատանքի մեկնածները վարակվում են արտերկրում: Եթե ավելացնենք նրանց զուգընկերներին, ապա կստացվի, որ 73 տոկոս դեպքերը պայմանավորված են միգրացիայի գործոնով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ